Մեծ Բրիտանիայի իշխանությունների համաձայն, ՆԱՏՕ-ն օգնում է Լիբիայի ապստամբներին Մուամար Քադաֆիին և իր վարչակարգի անդամներին հայտնաբերելու գործում:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լայամ Ֆոքսը հինգշաբթի օրը բրիտանական «Sky News» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ն ապստամբներին տրամադրում է հետախուզական սարքավորումներ՝ Լիբիայի առաջնորդին որոնելու իրենց ջանքերին օժանդակելու նպատակով:
Լիբիայի ընդդիմության առաջնորդները պարգևատրում են առաջարկում Քադաֆիին իրենց հանձնելու համար: Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլի համաձայն, Խորհուրդը սատարում է տեղացի գործարարներից մեկի կողմից Քադաֆիին հանձնելու դիմաց 1,67 միլիոն դոլար չափով պարգևատրելու որոշումը:
Ջալիլն ասել է նաև, որ Խորհուրդը ցանկանում է, որպեսզի Քադաֆիի դատավարությունն անցկացվի Լիբիայում, այլ ոչ թե Հաագայի Միջազգային քրեական դատարանում, որը նույնպես որոնում է Քադաֆիին՝ վերջինին կողմից կատարված պատերազմական հանցագործությունների պատճառով:
Անցումային ազգային խորհրդի նախագահը հայտնել է նաև Խորհրդի որոշ նախարարությունները Բենգազիից Տրիպոլի տեղափոխելու գործընթացը սկսելու մասին: Նա անդրադարձել է նաև Լիբիայում ընտրություններ անցկացնելու հարցին, որոնք, իր համաձայն, կայանալու են ութ ամսից: