ՆԱՏՕ-ի ռազմական օդանավերն ուժգին հարված են հասցրել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքում գտնվող իր հսկայական բունկերի ուղղությամբ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լայամ Ֆոքսն ուրբաթ օրը հայտնել է, որ այս գիշերվա ընթացքում դաշինքի ռազմական օդանավերը բարձր ճշգրտության հրթիռներ են արձակել Սիրթ քաղաքում գտնվող բունկերի ուղղությամբ:
Ֆոքսի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի հարձակումների թիրախը Քադաֆին չէ, սակայն օդային հարվածները նախատեսված են, որպեսզի ինքն ու իրեն հավատարիմ ուժերն «այլևս չկարողանան շարունակել պատերազմը»:
Ընդդիմության ուժերը շարունակել են իրենց երթը դեպի առափնյա Սիրթ քաղաքը` Քադաֆիին հավատարիմ զորքի դեմ պայքարը շարունակելու նպատակով:
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության համաձայն, ուրբաթ օրը մարտեր են բռնկվել Լիբիայի և Թունիսի միջև սահմանամերձ գոտու մոտակայքում: Քադաֆիին հավատարիմ ուժերի դիմադրության առանձնացված օջախները ճնշելուն ուղղված մարտերը շարունակվում են նաև երկրի մայրաքաղաք Տրիպոլիի որոշ թաղամասերում:
Միգրացիայի միջազգային կազմակերպության հայտարարության համաձայն, այն ևս մեկ նավ է ուղարկել Տրիպոլի` օտարերկրացիներին էվակուացնելու և մարդասիրական կազմակերպությունների 50 աշխատող այս քաղաք տեղափոխելու նպատակով: Կազմակերպությունը հինգշաբթի ուշ երեկոյան հայտնել է, որ Տրիպոլիից դուրս է եկել 263 միգրանտ տեղափոխող մի նավ, որը վարձվել է այս կազմակերպության կողմից:
Տրիպոլիում օտարերկրյա լրագրողները դարձել են ըստ երևույթի մահապատժի ենթարկված ավելի քան 40 սպանված մարդկանց տեսարանի վկա: Դեռևս պարզ չէ, թե ով է իրականացրել այս սպանդը, սակայն որոշ զոհերի մաշկի մուգ գույնը վկայում է, որ զոհվածները Քադաֆիի բանակի հիմնական մասը կազմող աֆրիկացիներն են: