Լիբիայի ապստամբների առաջնորդները պահանջել են Ալժիրի իշխանություններից իրենց հանձնել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կնոջն ու երեք երեխաներին՝ վերջիններիս դեպի Ալժիր փախուստի դիմելուց հետո:
Ալժիրի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Քադաֆիի տիկին Սաֆիան, դուստր Աիշան և որդիներից երկուսը՝ Մոհամադն ու Հանիբալը, անցել են Ալժիրի սահմանը մեքենայով:
Ալժիրի իշխանությունները հայտնել են նաև, որ Քադաֆիի զավակների հետ միասին այս երկիր են տեղափոխվել նրանց ընտանիքները:
Ալժիրի պաշտոնատար անձանց համաձայն, իրենք այս տեղեկությունները հաղորդել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Լիբիայի ապստամբների Անցումային ազգային խորհրդին:
Ապստամբների պաշտոնատար անձինք նախկինում մեղադրել են Ալժիրին՝ Լիբիայի ապստամբների խորհուրդը չճանաչած հյուսիսաֆրիկյան միակ հարևան պետությունը, Քադաֆիին սատարելու և իրեն ապստամբությունը ճնշելու համար վարձու զինվորներ տրամադրելու մեջ՝ մեղադրանքներ, որոնք հերքվել են Ալժիրի իշխանությունների կողմից:
Անցյալ շաբաթ ապստամբների կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին գրավելուց հետո Քադաֆիի գտնվելու վայրը մնում է անհայտ, սակայն ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգների կառավարությունը որևէ տեղեկություններ չունի այն մասին, որ Քադաֆին հեռացել է Լիբիայից: Անհայտ են նաև այս պետության տնտեսական և ռազմական կյանքում մեծ դեր ունեցած Քադաֆիի այլ որդիների գտնվելու վայրը:
Այս ընթացքում, ԱՄՆ-ի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի համաձայն, հայտնաբերվել են Միսրաթա քաղաքում Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից գործած պատերազմի հանցագործությունների վկայությունները:
«Բժիշկներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը երեքշաբթի օրը հրապարակել է զեկույց, որտեղ նշվում է, որ Քադաֆիին հավատարիմ ստորաբաժանումները սպանություններ, խոշտանգումներ, բռնաբարություններ և բռնի տեղափոխություններ են իրականացրել, քաղաքացիական անձանց «մարդկային վահան» դարձնել ՆԱՏՕ-ի ուժերի հարձակման դեմ և խոչընդոտել մարդասիրական օգնություն ստանալը:
Կազմակերպության համաձայն, այս տվյալները ձեռք են բերվել Միսրաթա քաղաքում հունիս ամսին անցկացված հարցազրույցների հիման վրա, որոնց ընթացքում սակայն հնարավոր չեղավ հաստատել Քադաֆիի կողմից ապստամբների և ՆԱՏՕ-ին ներկայացված մեղադրանքները: «Բժիշկներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հորդորել է Անցումային ազգային խորհուրդը Լիբիայում հաստատել օրենքի գերակայություն՝ արյունահեղությունը կանխելու համար, և լիարժեք համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ: