Լիբիայի ապստամբ ուժերը, երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի ուժերի կողմից իրականացված գրոհների արդյունքում, ստիպված են եղել նահանջել Ռաս Լանուֆ քաղաքից և նավահանգստից։
Քաղաքի շրջակայքում չորեքշաբթի օրը ծանր մարտեր են տեղի ունեցել, որոնց ընթացքում կառավարական ուժերը հրետանային և հրթիռային հուժկու հարվածներ են հասցրել ապստամբների դիրքերի ուղղությամբ:
Հակակառավարական բազմաթիվ զինյալներ, փրկվելով հարձակումներից, շարժվել են արևելյան ուղղությամբ:
Քադաֆիի զորքերի կողմից հրասայլերի և հրետանու միջոցով երեքշաբթի օրը հասցված հարվածները դադարեցրել են հակակառավարական ուժերի առաջընթացը դեպի արևմուտք` ստիպելով խուճապի մատնված ապստամբներին նահանջել դեպի Ռաս Լանուֆ քաղաքը, որի մատույցներին կառավարական ուժերը հասել են երեքշաբթի երեկոյան:
Լիբիայի ղեկավարի ուժերը շարունակել են հարձակումները նաև երրորդ խոշոր՝ Միսթարա քաղաքի ուղղությամբ, որն արևմուտքում ապստամբների կարեւոր վերջին հենակետն է:
Այս քաղաքը վերահսկող ապստամբների ուժերի առաջնորդի համաձայն, Քադաֆիի ուժերը «անկանոն կրակ» են բացել քաղաքի ուղղությամբ` ստիպելով բնակիչներին լքեր իրենց տները:
Ապստամբների խոսնակի համաձայն, Միսթարայում ստեղծված իրավիճակը «չափազանց վտանգավոր» է:
Եվրոպայում դաշնակից ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ-ի ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը Կոնգրեսում անցկացված լսումների ընթացքում հայտնել է, որ հետախուզական տվյալների համաձայն, Լիբիայի ապստամբ ուժերի կազմում կան ահաբեկչական «չնչին» ներգրավվածության մասին վկայություններ։
Եվրոպայում դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարը նշել է նաև, որ Լիբիայի ընդդիմադիր ուժերի շարքում փոքր է «ալ-Քաիդա» և «Համաս» խմբավորումների ներկայությունը:
Լիբիայի ապստամբները հերքում են «ալ-Քաիդա»-ի հետ որևէ կապ ունենալու մասին հաղորդագրությունները։ Նրանք երեքշաբթի օրը խոստացել են Քադաֆիին պաշտոնից հեռացնելու դեպքում ազատ և անաչառ ընտրություններ անցկացնել այս երկրում: