Հիլարի Քլինթընը բանակցություններ է անցկացնում Իսրայելի և պաղեստինցիների ղեկավարների հետ

Երեքշաբթի օրը Եգիպտոսում ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը սկսել է երեքկողմանի բանակցություններ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ:

Նրանք հանդիպել էին Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ էլ-Շեյխ հանգնստավայրում` Հորդանան գետի արևմտյան ափում հրեական նոր բնակավայրերի շինարարության դադարի ժամկետի ավարտը քննարկելու համար:

Հիլարի Քլինթընը հայտնել է, որ նախագահ Օբամայի վարչակազմի կարծիքով, Իսրայելը պետք է երկարաձգի նոր բնակավայրերի շինարարության դադարը, և կոչ է արել Իսրայելին և պաղեստինցիներին ճանապարհներ գտնել տարաձայնությունը հաղթահարելու համար:

Նա ասել է, որ «հասունացել է համաձայնության գալու ժամանակը», և կողմերի օրինական կարիքները այլևս չեն կարող բավարարվել առանց խաղաղության համաձայնագրի:

Երեք կողմերը բանակցությունները կշարունակեն չորեքշաբթի օրը Երուսաղեմում:

Երեքշաբթի օրը ժամանելով Եգիպտոս` Հիլարի Քլինթընը հանդիպում է ունեցել երկրի նախագահ Հուսնի Մուբարաքի հետ: Արտգործնախարար Քլինթընը կավարտի իր այցելությունը չորեքշաբթի օրը Ամմանում` հանդիպելով Հորդանանի թագավորի հետ:

Եգիպտոսը և Հորդանանը արաբական միակ երկրներն են, որոնք խաղաղության պայմանգիր են ստորագրել Իսրայելի հետ: