Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը հինգշաբթի օրը խոստացել է, որ իր գլխավորած «Ֆաթհ» խմբավորման անվտանգության ծառայությունը շարունակելու է ձեռնարկել կտրուկ միջոցներ ընդդեմ նրանց, ովքեր բռնություն գործելու միջոցով ջանում են խաթարել Իսրայելի և պաղեստինցիների միջև ընթացող խաղաղության բանակցությունները:
Ելույթ ունենալով Վաշինգոնում մերձավորարևելյան պետությունների միջև խաղաղության բանակցությունների բացմանը` Մահմուդ Աբբասն ասել է, որ պաղեստինցիների ղեկավարությունը գիտակցում է այս խմբավորման կողմից վերահսկվող տարածքներում անվտանգության պահպանության անհրաժեշտությունը:
Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին տեղի ունեցած հարձակումների արդյունքում սպանվել է չորս, վիրավորվել` երկու իսրայելցի: Այն բանից հետո, երբ «Համաս» զինյալների խմբավորումը ստանձնեց այդ հարձակումներն իրականացնելու պատասխանատվությունը, Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիների անվտանգության ուժերը հարցաքննելու համար ձերբակալեցին հարյուրավոր կասկածյալների:
«Համաս»-ը, որն կառավարում է Գազայի գոտում և դեմ է խաղաղության բանակցությունների անցկացմանը, խոստացել է շարունակել հարձակումները: Խմբավորումը դավաճանության մեջ է մեղադրում Մահմուդ Աբբասին և նրա ղեկավարած չափավոր «Ֆաթհ» կուսակցությանը բանակցությունները սկսելու պատճառով: