Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղևորվել է Վաշինգտոն` պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններ անցկացնելու համար: Բանակցությունները կազմակերպվում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հովանու ներքո:
Կայանալիք բանակցությունները լինելու են Իսրայելի և պաղեստինցիների միջև երկու տարվա ընթացքում անցկացվող առաջին անմիջական բանակցությունները: Բանակցությունների ըթնացքում հիմնական առարկան լինելու է պաղեստինյան ապագա պետության ստեղծումը: ԱՄՆ-ը սատարում է «երկու պետություն» ստեղծելու գաղափարը:
Սակայն չորեքշաբթի սկսվող բանակցությունների համար հիմնական խոչընդոտ կարող է լինել պաղեստինյան պետության կազմի մեջ նախատեսվող հողերում Իսրայելի կողմից բնակավայրերի շինարարության հարցը:
Իսրայելցիներն ասում են, որ շինարարության կասեցման շարունակությունը կարող է դժգոհություն առաջացնել Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելցի նորաբնակների շրջանում: Շինարարության կասեցումը երկարաձգելու դեպքում նրանք սպառնացել են հեռացնել երկրի իշխանության ղեկին գտնվող կոալիցիան: