Գյուլ. «Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանություն չի իրականացվել»

Գյուլ. «Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանություն չի իրականացվել»

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի նիստի ընթացքում, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիայի պատմության մեջ Հայոց ցեղասպանություն չի իրականացվել, իսկ պատմական իրադարձությունների վրա կենտրոնանալու դեպքում, Եվրոպայում ոչ ոք իրար երեսի չի կարողանալու նայել։ Գյուլի համաձայն, պետք է աշխատել համատեղ ջանքերով պայծառ ապագա ստեղծելու ուղղությամբ։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Գյուլն իր ուղերձով է հանդես եկել ԵԽԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում՝ Թուրքիայի կողմից Նախարարների խորհրդի նախագահությունը ստանձնելուց հետո։ Նա նաև պատասխանել է ԵԽԽՎ-ի անդամների հարցերին։

Պատասխանելով փոքրամասնությունների պաշտամունքի վայրերի վերականգնման մասին հարցին, Գյուլն ասել է, որ «մենք պարտավոր են հարգել այլ ժողովրդների կրոնական հավատքը»։ Նրա խոսքերով, դավանանքի ազատությունը հիմնարար իրավունքների և ազատությունների մաս է կազմում, և Թուրքիայում յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ազատ կատարել կրոնական իր պարտականությունները։ Գյուլը նշել է նաև, որ հին մզկիթների ու եկեղեցիների վերականգնումը Թուրքիայի կառավարության օժանդակության միջոցով արդեն իսկ սկսվել է՝ բերելով Անիի հայկական եկեղեցու վերականգնման օրինակը։

Պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին, Գյուլն ասել է, թե «Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանություն չի իրականացվել»՝ հավելելով, որ Թուրքիան Հայաստանին կոչ է արել ստեղծել համատեղ հանձնաժողով՝ պատմության մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար։

«Մենք պատրաստ ենք բացել մեր ռազմական և քաղաքացիական արխիվները։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի են ունեցել տխուր իրադարձություններ, երբ Օսմանյան կայսրությունը ստիպված էր տեղահանել իր որոշ քաղաքացիների՝ նրանց կողմից պետությանն ընդդեմ ապստամբություն բարձրացնելու պատճառով։ «Ցեղասպանություն» բառը նշանակում է որոշակի կրոնի կամ ռասայի մարդկանց միտումնավոր ոչնչացում։ Այն ժամանակներում ազգությամբ հայ քաղաքացիները Օսմանյան կայսրությունում դեսպաններ և բարձ դատարանների անդամներ են եղել։ Այն ժամանակ հայկական բոլոր եկեղեցիները բաց էին։ Այդ իրադարձությունները հնարավոր չէ ցեղասպանություն որակել։ Եթե կենտրոնանանք պատմության վրա, Եվրոպայում ոչ ոք իրար երեսի չի կարող նայել։ Պետք է աշխատել համատեղ ջանքերով պայծառ ապագա կառուցելու ուղղությամբ», - ասել է Թուրքիայի նախագահը։

Գյուլը խոսել է նաև հարևան պետությունների հետ զրոյական խնդիրներ ունենալու քաղաքականության մասին, որի իրականացման գործում, նրա խոսքերով, Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել։ «Թուրքիան քաղաքական կամք է դրսևորել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը զբաղեցնում են հայկական ուժերը։ Հայաստանը պետք է ազատի ադրբեջանական տարածքները», - պահանջել է Աբդուլահ Գյուլը։