Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 13-ի երեկոյան ընդունեց թիվ 306 բանաձևը:

Թուրքիայում կրոնական ազատություններին վերաբերող Կոնգրեսի բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը երաշխավորել երկրի քրիստոնեական ժառանգությունը, ինչպես նաև վերադարձնել եկեղեցիներին պատկանող սեփականությունը:

Կալիֆորնիայից հանրապետական Էդ Ռոյսի և դեմոկրատ Հովարդ Բերմանի նախաձեռնությամբ բանաձևն այս տարվա հուլիսի 20-ին արդեն իսկ հավանության էր արժանացել Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ձայների 43 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:

Բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստին ներկայացվեց պալատի մեծամասնության ղեկավար Էրիկ Քանթորի կողմից, խորհրդարանական հատուկ արագացված քվեարկությանը, որի ընթացքում անհրաժեշտ է ԱՄՆ-ի օրենսդիրի ներկայացուցիչների առնվազն երկու երրորդի քվեարկությունը: Ի դեպ, այսօրինակ քվեարկություններ սովորաբար լինում են ոչ հակասական օրինագծերի վերաբերյալ: Թիվ 306 բանաձևն ընդունվեց բանավոր քվեարկությամբ:

Բանաձևում հիշատակվում է Օսմանյան կայսրությունում բնակվող ավելի քան 2 միլիոն հայ, հույն, ասորի, սիրիակ և այլ քրիստոնյաների միտումնավոր ոչնչացման փաստը, ինչպես նաև այն, որ այսօրվա Թուրքիայում մնացած փոքրաթիվ քրիստոնյա համայնքերին պետք է համայնքային սեփականության տնօրինման իրավունք ընձեռել:

ԱՄՆ-ի Կոնգրեսի 306-րդ բանաձևը հետևյալ 4 կետերն է առանձնացնում՝ բոլոր տեսակի կրոնական խտրականությունների դադարեցումը. եկեղեցական կառույցներին առանց որևէ սահմանափակումների կրոնական ծեսեր, կրթական, սոցիալական և այլ ծառայությունների մատուցումն իրականացնելու թույլտվությունը. եկեղեցիների, դպրոցների, հիվանդանոցների, հուշարձանների, սրբավայրերի, ներառյալ շարժական սեփականությունն իրենց օրինական տերերին վերադարձնելը, ինչպես նաև համայնքներին նշված տարածքներում վերակառուցման և վերականգնողական աշխատանքներ առանց սահմանափակումների իրականացնել թույլատրելը:

Թե ինչպիսի ազդեցություն կունենա Ամերիկյան օրենսդիրի կողմից ընդունված բանաձևը ցույց կտա ժամանակը, սակայն քվեարկության նախօրեին Վաշինգտոնի թուրքական լոբբիստական կազմակերպությունները փորձել էին կանխել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունումը:

XS
SM
MD
LG