Մատչելի հղումներ

Քլինթըն. ԱՄՆ-ը շարունակում է հետևել Թուրքիայում կրոնական սեփականության վերադարձի գործընթացին


Քլինթըն. ԱՄՆ-ը շարունակում է հետևել Թուրքիայում կրոնական սեփականության վերադարձի գործընթացին
Քլինթըն. ԱՄՆ-ը շարունակում է հետևել Թուրքիայում կրոնական սեփականության վերադարձի գործընթացին

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև փետրվարի 13-ին տեղի ունեցած հանդիպումից հետո, արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Քլինթըն-Դավութօղլու հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում, Իրանում, մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Պետքարտուղար Քլինթընի խոսքերով, քննարկվել է նաև Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունների ուղղությամբ ընթացող բարեփոխումների գործընթացը, այդ թվում կրոնական ազատությունների և սեփականության վերադարձի հարցը: Քլինթընը մասնավորեցրել է հատկապես արևելյան ուղղափառ եկեղեցուն պատկանող Հալքիի հոգևոր վարժարանի խնդիրը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդունվել էր թիվ 306 բանաձևը, որը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը երաշխավորել երկրի քրիստոնեական ժառանգությունը, ինչպես նաև վերադարձնել եկեղեցիներին պատկանող սեփականությունը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի թիվ 306 բանաձևում մասնավորապես նշվում է. «Դադարեցնել ամեն տեսակի կրոնական խտրականություն, ապահովել եկեղեցական կառույցներում առանց սահմանափակումների կրոնական ծեսեր, կրթական, սոցիալական և այլ ծառայությունների մատուցումն իրականացնելու հնարավորությունը, եկեղեցիների, դպրոցների, հիվանդանոցների, հուշարձանների, սրբավայրերի, ներառյալ իրենց օրինական տերերին շարժական սեփականության վերադարձը, նշված տարածքներում առանց սահմանափակումների վերակառուցման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու թույլտվությունը»:

XS
SM
MD
LG