Մատչելի հղումներ

Քլինթընը խոստացել է շարունակել ճնշումը Թուրքիայի նկատմամբ` բռնագրավված կրոնական ունեցվածքը վերադարձնելու հարցում


«Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը, պատասխանելով ԱՄՆ-ի կոնգրեսական, Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ Հովարդ Բերմանի կողմից առաջադրված հարցերին, խոստացել է շարունակել կրոնական փոքրամասնություններից բռնագանձված ունեցվածքը վերադարձնելու նպատակով Թուրքիայի նկատմամբ գործադրվող ճնշումները»։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն, այս մասին Հիլարի Քլինթընը հայտնել է` պատասխանելով կոնգրեսական Հովարդ Բերմանի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թիվ 306 բանաձևին վերաբերող հարցին:

Կոնգրեսական Բերմանը ԱՄՆ-ի արտգործնախարարին փետրվարի 29-ին ներկայացված հարցում հետաքրքրվել էր, արդյոք արտգործնախարարը բավարար է համարում կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու և նրանցից բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու ուղղությամբ Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը։

«Ես ընդունում եմ, որ կրոնական փոքրամասնությունները դեռևս մտահոգիչ մարտահրավերների առաջ են կանգնած Թուրքիայում, այդուամենայնիվ, ոգևորված եմ այն հստակ քայլերից, որ ձեռնարկում է Թուրքիայի կառավարությունը», - նշել է արտգործնախարար Քլինթընը` հիշեցնելով, որ անցյալ տարի պաշտոնական Անկարան հատուկ որոշում է ընդունել 75 տարի առաջ բռնագանձված ունեցվածքը վերադարձնելու մասին, և որ մի շարք եկեղեցիներ, սինագոգներ ու այլ հաստատություններ արդեն հանձնվել են իրենց օրինական տերերին։

Կոնգրեսական Բերմանին տրված պատասխանում Միացյալ Նահանգների արտգործնախարարը նաև բարձր է գնահատել Թուրքիայում իրականացվող սահմանադրական փոփոխությունները, որոնք ներառում են նաև անձի իրավունքները, ներառյալ երկրում ապրող կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքները։

«Մենք կշարունակենք աչալրջորեն հետևել այս հարցերին և կխրախուսենք անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումները», - նշել է Միացյալ Նահանգների արտգործնախարարը։

Կոնգրեսական Հովարդ Բերմանն ԱՄՆ-ի արտգործնախարարին հարց է ուղղել նաև արցախյան խնդրի վերաբերյալ` մասնավորապես հետաքրքրվելով, թե «ինչ քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ի վարչակազմը, որպեսզի Ադրբեջանն ընդունի շփման գոտուց դիպուկահարներին հեռացնելու առաջարկը` Միացյալ Նահանգների համար կարևոր այդ տարածաշրջանում պատերազմի վերսկսումը կանխելու համար»:

Թեև կոնգրեսականը հարցում նշել էր, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն Ադրբեջանի, մի քանի անգամ համաձայնել է դիպուկահարների դուրսբերմանը, իսկ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, թե ավարտվել է պատերազմի միայն առաջին մասը, այդուամենայնիվ, Հիլարի Քլինթընը իր պատասխանում չի առանձնացրել կողմերից որևէ մեկին և երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել ։

«Այս խնդիրը ռազմական լուծում չունի, և միայն խաղաղ կարգավորումը կհանգեցնի տարածաշրջանում անվտանգության, կայունության ու հաշտության», - ընդգծել է ԱՄՆ-ի արտգործնախարարը` հավելելով. «Ցավում ենք յուրաքանչյուր կյանքի կորստի համար և շարունակում ենք կոչ անել կողմերին` քայլեր ձեռնարկել, այդ թվում հեռացնել դիպուկահարներին` բանակցությունների մթնոլորտը բարելավելու, անցանկալի կորուստները կանխելու և հրադադարը ամրապնդելու ուղղությամբ», - նշել է Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը:

XS
SM
MD
LG