Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարար. «Ուշադիր հետևում ենք Թուրքիայում կրոնական համայնքներին պատկանող գույքի վերադարձին»


ԱՄՆ-ի արտգործնախարար. «Ուշադիր հետևում ենք Թուրքիայում կրոնական համայնքներին պատկանող գույքի վերադարձին»
ԱՄՆ-ի արտգործնախարար. «Ուշադիր հետևում ենք Թուրքիայում կրոնական համայնքներին պատկանող գույքի վերադարձին»

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն առաջին անգամ հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգների կառավարությունը ճնշում է գործադրում Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ՝ կրոնական համայնքների առգրավված գույքը վերադարձնելու հարցում:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Անկարայի վրա ճնշում գործադրելու հանգամանքը հաստատող նամակը ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հղել է՝ ի պատասխան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանի կողմից օգոստոսի 15-ի ուղերձին:

Իր ուղերձում Խաչիկյանը ներկայացրել էր ամերիկահայ համայնքի առարկությունները Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեի կողմից Օսմանյան Թուրքիայում, իսկ ավելի ուշ՝ Թուրքիայի Հանրապետությունում իրականացված ցեղասպանությունից, էթնիկական զտումներից ու մշակութային ժառանգության ոչնչացումից հետո պահպանված քրիստոնեական եկեղեցիների թվի խեղաթյուրման վերաբերյալ:

ԱՄՆ-ի արտգործնախարարի սեպտեմբերի 14-ի նամակում մասնավորապես նշվել է. «Թուրքիայի ղեկավարությանը շարունակում ենք շեշտել, թե մեզ համար որքան է կարևոր Թուրքիայում կրոնական ազատության խնդիրը: Թուրքիայի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակներով հանդիպումների ընթացքում շարունակում ենք ներկայացնել նաև կրոնական համայնքներին պատկանող առգրավված գույքը վերադարձնելու հարցի շուրջ մեր ունեցած մտահոգությունները: Այս առումով ուշադիր հետևում ենք Թուրքիայի կառավարության կողմից օգոստոսի 27-ին այս երկրում պաշտոնապես գրանցված ոչ մահմեդական կրոնական 162 համայնքներին պատկանող առգրավված գույքի ամբողջական վերադարձի մասին ընդունված որոշման կատարման»:

XS
SM
MD
LG