Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիային եկեղեցիները վերադարձնել հորդորող փոփոխությունը


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիային եկեղեցիները վերադարձնել հորդորող փոփոխությունը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիային եկեղեցիները վերադարձնել հորդորող փոփոխությունը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 43՝ կողմ, 1՝ դեմ ձայների մեծամասնությամբ հուլիսի 20-ին ընդունել է կոնգրեսականներ Բերմանի և Չիչիլինեի կողմից առաջարկված օրինագծի լրացումը, որը կոչ է անում Թուրքիային վերադարձնել առգրավված քրիստոնեական եկեղեցիները և դադարեցնել քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ իրականացվող ճնշումները:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այս կապակցությամբ գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ մեծամասնությամբ ընդունված այս որոշումը մեծ հաղթանակ է կրոնական ազատության հարցում և մեկ քայլ առաջ՝ Թուրքիայի կողմից ցեղասպանություն իրականացնելու միջոցով հափշտակված հազարավոր եկեղեցիների և սրբավայրերի արդարացի վերադարձման ուղղությամբ։

«Հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության ժամանակից իննսունվեց տարվա ընթացքում Թուրքիայի կառավարությունը ոչնչացրել կամ առգրավվել է այս ժողովուրդների սրբավայրերի և պաշտամունքի վայրերի մեծամասնությունը։ Արտաքին գործերի հանձնաժողովը հզոր ուղերձ է հղել Թուրքիային, որ այն պետք է ընդունի բռնությամբ ձևավորված իր ժառանգությունը, հարգի բռնությունները վերապրած քրիստոնյա համայնքների կրոնական ազատությունը և փոխհատուցի իր հանցագործությունների արդյունքում պատճառված վնասները», - ասել է Համբարյանը։

Կալիֆորնիա նահանգի ներկայացուցիչ, դեմոկրատ Հովարդ Բերմանը, Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչ Դեյվիդ Չիչիլինեի աջակցությամբ, ներկայացրել են ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությանը հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում այնպիսի փոփոխություններ ներառելու առաջարկ, որոնց ձևակերպումը համահունչ է «Եկեղեցիների վերադարձման մասին» Ներկայացուցիչների պալատի թիվ 306 բանաձևում պարունակվող ձևակերպումներին։

Հիշեցնենք, որ «Եկեղեցիների վերադարձման մասին» թիվ 306 բանաձևը քննարկման է ներկայացվել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, հանրապետական Էդ Ռոյսի և դեմոկրատ Հովարդ Բերմանի կողմից։

XS
SM
MD
LG