Մատչելի հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խիստ քննադատության է ենթարկել նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը։

«Նախագահ Օբամայի կողմից Թուրքիայի սպառնալիքներին խայտառակ կերպով տեղի տալու, Թուրքիայի կողմից ցեղասպանությունը հերքելուն ուղղված ջանքերին հանցակցելու և ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու հանգամանքը լիովին հակասում են մեր երկրի կողմից այս հանցագործությանն ի պատասխան սկզբունքային և ազնիվ փոփոխություն բերելու իր տված խոստումներին», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը։

«ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը վերաբերող ծավալուն գրառումներով հաստատված ճշմարտությունը սատարելու փոխարեն, նախագահ Օբաման ներկայումս խոչընդոտում է ամերիկյան քաղաքացիական հասարակության կողմից այս հանցագործության ճշմարիտ և արդարացի լուծման վերաբերյալ համաձայնությունը՝ էլ ավելի անբարյացկամ դարձող արտաքին ուժերի կողմից սպառնալիքների ազդեցության տակ», - հավելել է Խաչիկյանը։

«Այն նախագահի համար, որի նախընտրական արշավի հիմքում եղել են «փոփոխություն» ու «ազնվություն» հասկացությունները, այս խնդրի շուրջ ձեռնարկած քայլերը, ներառյալ իր ուղերձում «պատմական փաստերի նկատմամբ հակասական մոտեցումներ» խիստ վիրավորական սահմանմանը, պարզապես ամոթալին են։ Իր խոսքին հավատարիմ չմնալուց և Ամերիկայի բարոյական կերպարը վարկաբեկելուց բացի, նա խիստ հիասթափեցրել է այստեղ՝ ԱՄՆ-ում, Հայաստանում և ամբողջ աշխարհում ապրող հայությանը՝ մարդկանց, որոնք իրեն համարում էին խիզախության, համոզվածության և խղճի օրինակ» - շեշտել է Խաչիկյանը՝ հիշեցնելով, որ զբաղեցնելով ԱՄՆ-ի սենատորի պաշտոնը ու, ավելի ուշ, իր նախընտրական արշավի ընթացքում նախագահ Օբաման բազմիցս հանձն է առել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ասելով, թե «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, որը ճշմարիտ է խոսում Հայոց ցեղասպանության մասին և խիստ արձագանքում բոլոր ցեղասպանություններին»` խոստանալով, որ ինքը կդառնա այդպիսի նախագահ։

XS
SM
MD
LG