ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է ավելացնեն դաշինքի ծախսային մասում իրենց մասնակցության մասնաբաժինը, այլապես դաշինքի ապագա գոյությունը «կարող է լինել աղոտ, նույնիսկ` մռայլ», և կարող է շարունակվել առանց Միացյալ Նահանգների մասնակցության:
Այս հայտարարությամբ Գեյթսը հանդես է եկել Բրյուսելում` «Անվտանգություն և պաշտպանություն» հետազոտական-վերլուծական կենտրոնում անցկացվող հանդիպման ընթացքում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նշել է, թե Միացյալ Նահանգների կողմից դաշինքի պաշտպանական ծախսերի երեք քառորդը ծածկելու հանգամանքի պատճառով ԱՄՆ-ի օրենսդիրները «կորցնում են իրենց համբերությունը»:
Գեյթսը շեշտել է, որ դաշինքի անդամ բոլոր 28 պետությունները կողմ են քվեարկել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի դեմ ուղղված առաքելության անցկացման, սակայն իրական մասնակցություն են ունեցել կեսից քիչ անդամներ:
Բացի այդ, ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի, Աֆղանստանում իրականացվող գործողությունների վրա նույնպես ազդեցություն ունեցել դաշինքի որոշ անդամների ցանկության բացակայությունը կամ անկարողությունը:
Ռոբերտ Գեյթսի համաձայն, Աֆղանստանում առաքելությունը անհրաժեշտ է իրականացնել համատեղ ջանքեր գործադրելու միջոցով, և այն չպետք է թելադրվի յուրաքանչյուր անդամի ներպետական ֆինանսական իրավիճակով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, այն դեպքում, եթե այլ պետությունները չավելացնեն իրենց մասնակցությունն ավելի քան 60-ամյա պատմություն ունեցող դաշինքում, ապա ապագայում Միացյալ Նահանգները կարող է որոշել, որ դաշինքում իր ունեցած մասնակցությունը համապատասխան արդյունքների չի հանգեցնում: