Եգիպտոսում սահմանադրական փոփոխություններ մշակելու համար փորձագետների խումբ է նշանակվել

Եգիպտոսում սահմանադրական փոփոխություններ մշակելու համար փորձագետների խումբ է նշանակվել

Եգիպտոսում իշխանության ղեկին կանգնած զինվորականները կազմել են այս տարվա ընթացքում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու օրինական հնարավորություն ընձեռող սահմանադրական փոփոխություններ մշակելու փորձագետների մի խումբ, որի ղեկավար է նշանակվել երկրի նախկին դատավորներից մեկը։

Թարեք էլ-Բիշիրին ղեկավարելու է ութ փորձագետից բաղկացած խումբը, որի կազմում ընդգրկված են գործող դատավորներ, իրավաբանության մասնագետներ և «Մահմեդական եղբայրություն» խմբավորմանը հարող նախկին օրենսդիր Սոբհի Սալեհը։ Փորձագետների խմբի առաջին հանդիպումը Եգիպտոսի ռազմական խորհրդի նախագահ Հուսեյն Թանթավիի հետ կայացել է երեքշաբթի օրը։

«Մահմեդական եղբայրություն» խմբավորումը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն նախատեսում է ձեռք բերել կուսակցության կարգավիճակ՝ անմիջապես հետևելով մահմեդական այս շարժումը մի քանի տարվա ընթացքում որպես անօրինական որակող օրենքի գործողությունը դադարեցնելուն։

«Մահմեդական եղբայրություն» խմբավորումը երկրում գործող ամենակազմակերպված ընդդիմադիր խմբավորումն է։

Եգիպտոսում և Արևմուտքում քննադատները մտահոգություն են արտահայտել, որ այն կարող է նախագահական ընտրությունների միջոցով իշխանության գալ, ապա փորձել երկիրը վերածել մահմեդական պետության։ Խմբավորումը սակայն պնդում է, որ այն նախընտրում է աշխատել բազմակուսակցական քաղաքական համակարգում և նախագահական ընտրություններին իր անդամների թեկնածությունը չի դնելու։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբդուլ Գեյթը երեքշաբթի օրը դիմել է միջազգային հանրությանը երկրի տնտեսությանը օժանդակություն ցուցաբերելու կոչով։ Այս մասին նա խոսել է նաեւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցների հետ ունեցած հեռախոսազրույցներում։