Եգիպտոսում իշխանությունը ստանձնած զինված ուժերի գերագույն խորհուրդը հաջորդ ամիս նախատեսում է անցկացնել երկրի սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե։
«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին կիրակի օրը հայտնել է այս փոփոխությունների նախագծի մշակմանը մասնակցող իրավաբան Սոբհի Սալեհը՝ ասելով, որ հանրաքվեի անցկացման օրվա մասին պաշտոնապես հայտարարվելու է հաջորդ շաբաթվա ընթացքում, իսկ երկրի նոր հիմնական օրենքի վերաբերյալ քվեարկությունն անցկացվելու է մինչև մարտ ամսվա վերջը։
Եգիպտոսի սահմանադրությունում կատարվելիք փոփոխություններից են նախագահի պաշտոնի համար մրցույթի սահմանումը, երկրի ղեկավարների կողմից իրենց պաշտոնը զբաղեցնելու ժամկետների սահմանափակումը, ինչպես նաև դատական մարմիններին ընտրությունների անցկացման ընթացքի նկատմամբ վերահսկողության հնարավորության ընձեռումը։
Սալեհի համաձայն, հանրաքվեի անցկացմանը հաջորդելու են խորհրդարանական ընտրությունները։ Նա չի նշել այս ընտրությունների անցկացման որևէ ամսաթիվ, սակայն հավելել է, որ օրենսդրական մարմնի ընտրություններին հաջորդելու են նախագահական ընտրությունները։
Եգիպտոսում երկար ժամանակ արգելված «Մահմեդական եղբայրություն» շարժման և երկրի բանակի կողմից նշանակված դատական հանձնաժողովի անդամ Սոբի Սալեհի համաձայն, զինված ուժերի հրամանատարությունը շարունակելու է իրականացնել նախագահի լիազորությունները՝ մինչև երկրի նոր ղեկավարի ընտրությունը։