Եգիպտոսում ցուցարարները պահանջում են «փրկել հեղափոխությունը»

ساؤتھ افریقہ، ویسٹ انڈیز، تصاویر

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում ուրբաթ օրը հազարավոր ցուցարարներ պահանջել են, որ զինվորականների կողմից գլխավորվող անցումային կառավարությունը շարունակի քաղաքական և սոցիալական բարեփոխումների իրականացումը:

«Հեղափոխությունը փրկելունն» ուղղված ցույցը կազմակերպվել է «Երիտասարդական հեղափոխականների դաշինք» ակտիվիստների խմբի կողմից, որն օժանդակել է հունվարի 25-ին բողոքների ցույցերի մեկնարկին, որոնց արդյունքում հրաժարական է ներկայացրել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը:

Ցուցարարները հորդորել են հետաքննություն սկսել Մուբարաքի կառավարության բարձրագույն մի քանի ներկայացուցչի նկատմամբ և ազատ արձակել զինվորականների կողմից բանտարկված քաղաքացիական անձանց:

Եգիպտոսի զինված ուժերը խոստացել են դադարեցնել 1981-ին Մուբարաքի իշխանության գալուց ի վեր ընդունված արտակարգ իրավիճակի օրենքի գործողությունը՝ նախքան սեպտեմբեր ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Մուբարաքն ու նրա ընտանիքը մնում են տնային կալանքի տակ Եգիպտոսում: Երկրի զինուժը հերքում է ասեկոսեներն այն մասին, որ հրաժարական ներկայացնելուց հետո Մուբարաքը մեկնել է Սաուդյան Արաբիա` բուժվելու նպատակով: