Եգիպտոսի իշխանությունները 15 օրով ձերբակալել են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին՝ կոռուպցիայի վերաբերյալ իրականացվող հետաքննության շրջանակներում։
Այս մեղադրանքները ներկայացվել են չորեքշաբթի օրը, Շարմ էլ-Շեյխ քաղաքում անցկացված հարցաքննության ընթացքում սրտի տագնապով Մուբարաքին հիվանդանոց տեղափոխելուց հետո։ Մուբարաքի որդիներ Ալաան ու Գամալը նույնպես հարցաքննվել և ձերբակալվել են 15 օր ժամկետով։
Մուբարաքը, Եգիպտոսի բարձրաստիճան մի քանի պաշտոնատար անձանց հետ մեկտեղ, մեղադրվում է պետական միջոցները շորթելու և այս տարվա սկզբին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում ցուցարարների դեմ ուժի չարաշահում իրականացնելու մեջ։
Մուբարաքը սակայն ասել է, որ իր դեմ ներկայացրած մեղադրանքներն անհիմն են և ինքն ունի իր ու իր ընտանիքի համբավը պաշտպանելու իրավունք։ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը կիրակի օրը հեռարձակել էր Մուբարաքի ելույթը, որով նա առաջին անգամ հանդես էր եկել՝ փետրվար ամսին հրաժարական ներկայացնելուց հետո։