Google-ը հարաժարվում է արհեստական բանականությունը ռազմական ու հետախուզական նպատակներով չօգտագործելու խոստումից

Google-ի տարբերանշանը։

Google-ի տարբերանշանը։

Տեխնոլոգիական հսկան անցնում է ռազմական նպատակներով արհեստական բանականության զարգացման ծրագրերին։

Google-ը հայտարարել է, թե հրաժարվում է իր քաղաքականությունից, ըստ որի չի զբաղվելու ռազմական նպատակներով կիրառվող արհեստական բանականության մշակմամբ։

«Չարիք մի՛ գործիր» սկզբունքով հիմնադրված տեխնոլոգիական հսկան՝ Google-ը,
տարիներ շարունակ իր կայքում հրապարակում էր պարտավորություն, ըստ որի չի մշակելու սպառազինություն և այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարող են կիրառվել լրտեսման համար:

Սակայն անցած շաբաթ նշված պարտավորությունը հեռացվել է արհեստական բանականությանը վերաբերող ընկերության հայտարարած սկզբունքների բաժնից:

Google-ը, որի սեփականատեր-ընկերությունը, ինչպես հայտնի է, Alphabet-ն է, տակավին անպատասխան է թողել նշված փոփոխության վերաբերյալ հարցերը։

Փոխարենը Google-ի ղեկավարության կողմից վարվող բլոգում նշված է.

«Ընթանում է գլոբալ մրցակցություն արհեստական բանականության ոլորտում առաջնորդության համար՝ բարդացող աշխարհաքաղաքական լանդշաֆտի շրջանակներում: Կարծում ենք, որ ժողովրդավարական [երկրները] պետք է առաջ տանեն արհեստական բանականության զարգացումը»:

ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը։ Արլինգթոնի շրջան, Վիրջինիա նահանգ, մարտի 27, 2008թ․։

ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը։ Արլինգթոնի շրջան, Վիրջինիա նահանգ, մարտի 27, 2008թ․։

Որոշ դիտորդներ նման քայլը համարում են ապացույց, որ ընկերությունն այժմ բացահայտ կերպով առաջ է տանում իր մշակած և արհեստական բանականոսւթյանը վերաբերող տեխնոլոգիաները՝ այն ռազմական նպատակով օգտագործելու համար:

Այսօր արհեստական բանականությունն ավելի ու ավելի շատ է օգտագործվում մարտադաշտերում՝ Ուկրաինայից մինչև Գազա, և այդ ֆոնին՝ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ժամանակին հակված չէին, որպեսզի իրենց մշակած գործիքներն օգտագործվեն ռազմական նպատակներով, աստիճանաբար հետ են կանգնում նման մոտեցումից:

Ինչպես հայտնի է, Open AI-ը, Meta-ն և Anthropic-ը ունեն արհեստական բանականությանը վերաբերող նախագծեր ամերիկյան ռազմական ոլորտի ձեռնարկությունների, գործակալությունների հետ:

Արհեստական բանականությունը օգտագործվում է, օրինակ, անօդաչուների հարվածների թիրախները որոշելու համար, և որոշ դեպքերում այն վերածվում է լիովին ինքնավար զենքի:

Արհեստական բանականության ոլորտում առաջատար հետազոտող Ստյուարտ Ռասելը, որը դեմ է նման՝ ինքնավար սպառազինությանը, մասնակցում էր օրերս Փարիզում կայացած AI Action Summit-ին:

«Ուկրաինայում պատերազմի ընթացը գնալով ավելի շատ է ուղղորդվում հեռակառավարվող անօդաչուների կամ լիովին ինքնավար անօդաչուների կիրառմամբ: Սա արմատական փոփոխություն է: Բազմաթիվ ռազմական ստրատեգներ կարծում են, որ առանց նման հնարավորությունների, դուք պարզապես չեք կարող կռվել ժամանակակից պատերազմում»,- ասում է Ռասելը։

Google-ի կապը ամերիկյան ռազմուժի հետ նորություն չէ։ 2017 թվականին, չնայած ընկերության հայտարարած սկզբունքներին, այն օգնեց ստեղծել թիրախավորող համակարգ, որը կոչվում է Project Maven և նախատեսված էր ԱՄՆ պաշտպանության նախարարության համար:

Մեկ տարի անց, հազարավոր աշխատակիցների բողոքից հետո, Google-ը դադարեցրեց պայմանագիրը:

Քննադատների խոսքով՝ Project Nimbus-ը, որը ամպային հաշվողական ծառայություններ է մատուցում, արժեցել է 1,2 միլիարդ դոլար և Իսրայելի կառավարության պատվերով ստեղծվել է Google-ի ու Amazon-ի կողմից, օգտագործվել է Գազայում ռազմական գործողությունների ժամանակ՝ լրտեսման և թիրախավորման համար:

Ռասելի ու ոլորտի այլ ներկայացուցիչների համար Google-ի քաղաքականության փոփոխությունը մտահոգիչ է:

«Պատահական չէ, որ քաղաքականության այս փոփոխությունը գալիս է նոր [ամերիկյան] վարչակազմի հետ, որը չեղարկել է արհեստական բանականության վերաբերյալ բոլոր կանոնակարգերը, որոնք սահմանվել էին Բայդենի վարչակազմի կողմից, և այժմ մեծ ուշադրություն է դարձնում արհեստական բանականության օգտագործմանը ռազմական հզորության ամրապնդման համար»,- ասում է Ռասելը:

Ինչևէ, փաստն այն է, որ արհեստական բանականության արագ զարգացմանը զուգահեռ՝ աճում է կառավարությունների ու բիզնեսի անհանգստությունը, որպեսզի հետ չմնան մրցակիցներից։