Մատչելի հղումներ

 
Արհեստական բանականության ոլորտում Չինաստանի հետ մրցակցության ֆոնին՝ Թրամփը նախաձեռնություն է ցուցաբերում

Արհեստական բանականության ոլորտում Չինաստանի հետ մրցակցության ֆոնին՝ Թրամփը նախաձեռնություն է ցուցաբերում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Oracle-ի նախագահ Լարի Էլիսոնը, ճապոնական SoftBank-ի գործադիր տնօրեն Մասայոշի Սոնը և Open AI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը։ Սպիտակ տուն, Վաշինգտոն, հունվարի 21, 2025թ․։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Oracle-ի նախագահ Լարի Էլիսոնը, ճապոնական SoftBank-ի գործադիր տնօրեն Մասայոշի Սոնը և Open AI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը։ Սպիտակ տուն, Վաշինգտոն, հունվարի 21, 2025թ․։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնամուտից շատ չանցած հստակ ազդանշան ուղարկեց, որ արհեստական բանականության ոլորտում Չինաստանի հետ ընթացող մրցակցությունում իր գլխավորած վարչակազմը ագրեսիվ օրակարգ է առաջ տանելու:

Պաշտոնավարման առաջին օրը Թրամփը չեղարկեց իր նախորդի՝ նախկին նախագահ Ջո Բայդենի 2023 թվականի հրամանը, ըստ որի որոշակի սահմանփակումներ էին սահմանվել արհեստական բանականության ավելի հզոր գործիքների ստեղծման համար և նոր միջոցներ էին կիրառվել արհեստական բանականության զարգացման ճանապարհին քաղաքացիական իրավունքների և ազգային անվտանգության պաշտպանության ուղղությամբ:

Հաջորդ օրը Թրամփը հանդիպեց տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ղեկավարների՝ այդ թվում Open AI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի, Oracle-ի նախագահ Լարի Էլիսոնի և ճապոնական SoftBank-ի գործադիր տնօրեն Մասայոշի Սոնի հետ՝ հայտարարելու արհեստական բանականության ոլորտում՝ Stargate ծրագրում 500 միլիարդ դոլար մասնավոր ներդրման մասին:

Արհեստական բանականության ոլորտում Թրամփը նախաձեռնություն է ցուցաբերում
please wait

No media source currently available

0:00 0:06:27 0:00

«Stargate-ը անմիջապես ձեռնամուխ կլինի ֆիզիկական և վիրտուալ ենթակառուցվածքի հիմնմանը՝ արհեստական բանականության հաջորդ սերնդի առաջխաղացումն ապահովելու համար, և այն կներառի տվյալների վիթխարի կենտրոնների կառուցում»,- երեքշաբթի Սպիտակ տանը կայացած միջոցառմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Մասնավորապես, Stargate-ի շրջանակում ԱՄՆ-ում կկառուցվեն տվյալների 10 հսկայական կենտրոններ, որոնք կապահովեն արհեստական բանականության համակարգերի աշխատանքը: Տեխասում արդեն կառուցվում է առաջին կենտրոնը: Կստեղծվի մոտ 100 հազար աշխատատեղ:


Արհեստական բանականության կարևորությունը ԱՄՆ համար

«Չինաստանը մրցակից է։ Մյուսներն էլ են մրցակից։ Ցանկանում ենք, որ [արհեստականբանականությունը] լինի այս երկրում, և այն հասանելի ենք դարձնում: Պատրաստվում եմ շատ օգնել [այդ գործին]՝ արտակարգ կարգադրությունների միջոցով, քանի որ մենք արտակարգ իրավիճակ ունենք: Պետք է կառուցենք այս ամենը»,- հայտարարել է Թրամփը:

Ուշագրավ է, որ հանդիպմանը ներկա տեխնոլոգիական հսկաների ղեկավարները սկսել են գովաբանել ԱՄՆ նախագահին։

«Կարծում եմ, որ սա կլինի այս դարաշրջանի ամենակարևոր նախագիծը: Չէինք կարող այդ անել առանց ձեզ, պարոն նախագահ»,- ասել է Ալթմանը:

Ամերիկյան նոր անվտանգության կենտրոնի փորձագետ Ջանեթ Էգանի կարծիքով՝ Թրամփն փորձում է ի ցույց դնել իր լուրջ մոտեցումը արհեստական բանականության զարգացման ուղղությամբ:

«Նա հստակ է՝ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցելու առումով, որպեսզի արագացնի աշխատանքը և հաղթահարի խոչընդոտները: Տեսանք, թե ինչպես միջոցներ ձեռնարկեց ԱՄՆ-ում արհեստական բանականության զարգացման խոչընդոտները վերացնելու և առանձնահատուկ ուշադրություն է դարձնում էներգետիկային»,- ասում է Էգանը:

Չինաստանի հետ մրցակցությանն անդրադարձել է նաև OpenAI-ը, որն, ի դեպ, ապավինում է Microsoft-ի տվյալների կենտրոններին:

«Չիպերը, տվյալները, էներգիան և տաղանդը արհեստական բանականության ոլորտում հաղթանակ տանելու բանալիներն են: Մոտավորապես 175 միլիարդ դոլարի գլոբալ հիմնադրամներ կան, որոնք սպասում են ներդրումներ կատարել արհեստական բանականության նախագծերում, և եթե ԱՄՆ-ն չգայթակղի այդ միջոցները, դրանք կհոսեն այն նախագծեր, որոնց հետևում Չինաստանն է»,- նշված է OpenAI-ի պատրաստած փաստաթղթում:

NetChoice տեխնոլոգիական ասոցիացիայի ներկայացուցիչ Պատրիկ Հեջերի խոսքով՝ Stargate-ի վերաբերյալ հայտարարությունը նշանակում է, որ արհեստական բանականության ոլորտում մասնավոր կապիտալը պատրաստ է կանգնել Թրամփի վարչակազմի կողքին։

Իր գործադիր որոշումներով Թրամփը վերացրել է նախկին մի շարք կարգադրություններ, որոնք սահմանափակում էին հանածո վառելիքի արդյունահանումը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնները մեծ քանակությամբ էներգիա են սպառում, և նա իր որոշումներով ճանապարհ է հարթում մասնավոր ընկերությունների համար՝ ներդրումներ կատարել էներգետիկ նոր նախագծերում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է արհեստական բանականությանը վերաբերող գործադիր հրաման։ Սպիտակ, տուն, Վաշինգտոն, հունվարի 23, 2025թ․։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է արհեստական բանականությանը վերաբերող գործադիր հրաման։ Սպիտակ, տուն, Վաշինգտոն, հունվարի 23, 2025թ․։


Չինաստանի հետ մրցակցությունը

Թրամփը երկուշաբթի՝ պաշտոնամուտի օրը, չեղարկեց Բայդենի գործադիր հրամաններից շատերը, բայց ոչ բոլորը, որոնք վերաբերում են արհեստական բանականությանը:

Անցած տարի Բայդենը սահմանափակումներ կիրառեց, որոնց նպատակն է արգելել Չինաստանին հասանելիություն ունենալ արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաներին։ Մասնավորապես՝ սահմանափակում մտցվեց ամերիկյան ընկերությունների համար առաջադեմ կիսահաղորդիչներ վաճառել չինական ձեռնարկություններին:

Էգանի խոսքով՝ այս հարցում Թրամփն ու Բայդենը, կարծես, նույն դիրքորոշումն ունեն:

«Կարծում եմ, կարևոր է ընդգծել, թե ինչպես է Թրամփը շարունակում մոտենալ արհեստական բանականության հարցին։ Նա նույնպես այն դիտարկում է որպես ազգային անվտանգության առջև կանգնած ռիսկ և հրամայական: Ակնկալում եմ, որ արհեստական բանականության նկատմամբ նման՝ արագ ընթացք ունեցող մոտեցումը կուղեկցվի ռիսկերի գնահատման և դրանց կառավարմանն ուղղված շարունակական ջանքերով: Հատկապես՝ կիբեռ, միջուկային, կենսաբանական ռիսկերի տեսանկյունից, ինչպես նաև արտահանման նկատմամբ վերահսկողություն սահմանելով և այն ավելի կոշտ կերպով կիրառելով»,- ասում է Էգանը։


Արագություն և անվտանգություն

Unanimous AI-ի գործադիր տնօրեն և հետազոտական բաժնի ղեկավար Լուի Ռոզենբերգը, ով ոլորտում է տասնամյակներ շարունակ, «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, թե արհեստական բանականության արագ, բայց պատասխանատու զարգացումը ԱՄՆ-ում աջակցություն է գտնում և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատների կողմից:

«Արհեստական բանականության հետ կապված ռիսկերը կուսակցական խնդիր չեն։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ անհրաժեշտ են լուրջ երաշխիքներ, հատկապես՝ երբ արհեստական բանականության ինքնավար գործակալները գործարկվում են մեծ մասշտաբով»,- նշել է Ռոզենբերգը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ համար ամենակարևոր հարցը արհեստական բանականության ոլորտում առաջնորդի դիրքը պահպանելն է ու երաշխավորելը, որ գործող համակարգերն անվտանգ ու հուսալի լինեն:

«Կասկածում եմ, որ Թրամփի վարչակազմը կանդրադառնա արհեստական բանականության ռիսկերին՝ կիրառելով ավելի թիրախային քաղաքականություն, որն այնքան ընդգրկուն կլինի, որքան Բայդենի հրամանով նախաըտեսվածն էր, սակայն կարող է արագ արձագանքել իրական սպառնալիքներին։ Բայդենի հրամանը կարևոր էր արհեստական բանականության մասին մտահոգություններ բարձրացնելու համար, բայց այն չտրամադրեց բովանդակալից պաշտպանություն կարևոր ռիսկերից»,- նշել է Ռոզենբերգը:

«Ի վերջո, անհրաժեշտ է գտնել ճանապարհ՝ միաժամանակ արագ զարգացնելու արհեստական բանականությունը և արագ արձագանքելու դրա ռիսկերին: Մեզ երկու ուղղությամբ էլ արագություն է հարկավոր»,- եզրափակել է մեր զրուցակիցը:

XS
SM
MD
LG