ԱՄՆ Ներկայացուցիչների տանը երկկուսակցական օրինագիծ է ներկայացվել, ըստ որի արգելվում է Չինաստանում մշակված և արհեստական բանականության հիման վրա աշխատող DeepSeek հավելվածի տեղադրումը ամերիկյան դաշնային կառավարության աշխատակիցների սարքերում: Նմանատիպ արգելք արդեն իսկ գործում է TikTok-ի պարագայում։
Նյու Ջերսիից ու Իլինոյսից ընտրված դեմոկրատ ու հանրապետական կոնգրեսականներ Ջոշ Գոթհայմերն ու Դարին Լահուդը, որոնք հինգշաբթի Ներկայացուցիչների տանն են ներկայացրել, համապատասխան օրինագիծը, հիմնավորել են իրենց նախաձեռնությունը, թե Չինաստանի կառավարությունը կարող է օգտագործել հավելվածը՝ հսկողության և ապատեղեկատվություն տարածելու համար, փորձելով նաև այդ հավելվածի միջոցով ներթափանցել ամերիկյան դաշնային գործակալությունների ներքին ցանցեր:
«Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է օգտագործել իր ձեռքի տակ եղած ցանկացած գործիք՝ վնասելու մեր ազգային անվտանգությանը, վնասակար ապատեղեկատվություն տարածելու և ամերիկացիների մասին տվյալներ հավաքելու համար։ Պարզապես չենք կարող թույլ տալ, որ Չինաստանը վտանգի ենթարկի մեր ազգային անվտանգությունը»,- ասել է Գոթհայմերը:
Ամերիկացի օրենսդիրները հանդես եկան նման առաջարկությամբ ընդամենը շաբաթներ անց, երբ չինական տեխնոլոգիական ընկերությունը այս հունվարի աշխարհին ներկայացրեց արհեստական բանականության հիման վրա աշխատող DeepSeek հավելվածը, որը, դիտորդների խոսքով, լուրջ արդյունքներ ցուց տվեց ամերիկյան ընկերությունների՝ OpenAI-ի, Meta-ի, Alphabet-ի նմանատիպ հարթակների հետ համեմատած։
DeepSeek-ը պնդում է, որ կարողացել է ստեղծել արհեստական բանականության իր մոդելը զգալիորեն ցածր գնով, քան ամերիկյան տարբերակներն են։
Չինական ընկերության ներկայացրածը տագնապ է առաջացրել ամերիկյան քաղաքական գործիչների և Սիլիկոնային հովտի ներկայացուցիչների շրջանում՝ բանավեճ առաջացնելով արհեստական բանականության ոլորտում Չինաստանի հաջողությունների շուրջ։
Արհեստական բանականության ոլորտում Վաշինգտոնի ու Պեկինի դիմակայությունը փաստորեն մեկնարկում է երկու երկրների միջև սրվող հարաբերությունների ֆոնին։ ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների նկատմամբ, սահմանափակել է չինական տեխնոլոգիական ընկերությունների, օրինակ՝ Huawei-ի արտադրանքի օգտագործումը Միացյալ Նահանգների պետական ցանցերում և արգելել է Չինաստան արտահանել առաջադեմ միկրոչիպեր, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության բարձր մակարդակի մոդելներ ստեղծելու համար։
Անցած տարի ԱՄՆ-ում ընդունված օրենքի համաձայն՝ TikTok-ը կա՛մ պետք է վաճառվի ամերիկյան որևէ ընկերության, կա՛մ Միացյալ Նահանգներում մոտ 170 միլիոն օգտատեր ունեցող հավելվածը կարգելվի ԱՄՆ-ում։ Ժամեկտը լրանում էր այս հունվարի 19-ին, սակայն հաջորդ օրը՝ իր պաշտոնավարման առաջին ժամերին, նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն ստորագրեց, որով այդ ժամկետը երկարաձգվեց 75 օրով՝ մինչև ապրիլի 5-ը։
Դեռ 2023 թվականին արգելվել էր TikTok-ի տեղադրումը ամերիկյան կառավարության սարքերում։
«Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ տեխնոլոգիական մրցացավազքում Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ պարտվել։ Այս խելամիտ, երկկուսակցական օրինագիծը արգելելու է հավելվածը դաշնային աշխատակիցների հեռախոսներում: Կոնգրեսը պետք է պաշտպանի ամերիկացիների տվյալները և շարունակի ապահովել ԱՄՆ առաջնորդությունը արհեստական բանականության ոլորտում»,- ասել է Լահուդը:
Օրինագիծը վերաբերում է DeepSeek-ին և արհեստական բանականության հիման վրա գործող ցանկացած այլ հավելվածի, որը մշակվել է մայր ընկերության՝ չինական High-Flyer հիմնադրամի կողմից: Բացառություններ են արվում միայն ազգային անվտանգության ոլորտում գործող աշխատակիցների համար՝ հետազոտական նպատակներով, ինչը թույլ կտա դաշնային գործակալություններին ուսումնասիրել DeepSeek-ը:
Ամերիկացի որոշ օրենսդիրներ մտադիր են ավելի հեռուն գնալ։ Անցած շաբաթ Միսուրիից ընտրված հանրապետական սենատոր Ջոշ Հոուլիի կողմից ներկայացված օրինագիծը արգելում է արհեստական բանականության ցանկացած տեխնոլոգիայի արտահանում Չինաստան և ներմուծում այնտեղից: Հոուլին նման միջոցները բացատրել է Պեկինից եկող սպառնալիքով։