Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանել այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների հետաքննության մեջ:
Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ Ամերիկայի և մեր մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձինք կարող են բախվել գույքի և ակտիվների արգելափակման և ԱՄՆ մուտք գործելու հնարավորության կորստի հետ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կտարածվեն նաև նրանց անմիջական ընտանիքի անդամների վրա։
Սպիտակ տունը չի հրապարակել այն անձանց անունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։
Անցյալ ամիս, սակայն, Reuters-ը հայտնեց, որ ՄՔԴ-ն քայլեր է ձեռնարկել հնարավոր պատժամիջոցներից պաշտպանվելու համար: Լրատվական գործակալության աղբյուրների համաձայն՝ դատարանը նախապես վճարել է աշխատակիցների երեք ամսվա աշխատավարձը։
Միացյալ Նահանգները և Իսրայելը ներկայումս դատարանի անդամ չեն կամ չեն ստորագրել Հռոմի ստատուտը, պայմանագիրը, որը ստեղծեց ՄՔԴ-ն 1998 թվականին:
ՄՔԴ-ն ունի 125 անդամ պետություն: Այն քրեական հետապնդում է իրականացնում այնպիսի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների հանդեպ, ինչպիսիք են ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ցեղասպանությունը և միջազգային ագրեսիան: Հայաստանը ևս վերջերս դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո:
Նոյեմբերին դատարանը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին և «Համասի» առաջնորդին Գազայի հակամարտության ժամանակ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար:
Ինքը՝ Նեթանյահուն, այս շաբաթ ժամանել է Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի հետ բանակցությունների համար։ Իսրայելի վարչապետը դարձավ առաջին օտարերկրյա առաջնորդը, ով այցելեց Սպիտակ տուն Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում։
Հունվարին Ներկայացուցիչների պալատը քվեարկեց դատարանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օգտին՝ բողոքելով Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերների դեմ: Նախաձեռնությանը պաշտպանել է 243 կոնգրեսական, դեմ է քվեարկել 140-ը, դեմոկրատներից 45-ը միացել են 198 հանրապետականներին՝ աջակցելով օրինագծին: Ոչ մի հանրապետական դեմ չի քվեարկել։
Ավելի ուշ Սենատն արգելափակեց օրինագծի ընդունման փորձը: Հունվարի վերջին քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 45 սենատոր, դեմ՝ 54 օրենսդիր։ Այն բանից հետո, երբ օրինագիծը Սենատում ձախողվեց, Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր՝ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանում միջազգային դատարանի դեմ։ 2020 թվականին՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում, պատժամիջոցներ կիրառվեցին այն ժամանակվա դատախազ Ֆաթու Բենսուդայի և նրա գլխավոր օգնականներից մեկի նկատմամբ՝ կապված Աֆղանստանում ամերիկյան զորքերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննության հետ: