Մատչելի հղումներ

Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու հրահանգ է իջեցրել


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտ

Միջազգային քրեական դատարանը հինգշաբթի հրահանգ է իջեցրել ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին՝ ռազմական և մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:

Միջազգային քրեական դատարանի հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտը մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ, ներառյալ՝ սովը որպես պատերազմելու միջոց օգտագերծելու, սպանության, հալածանքի և այլ անմարդկային գործողությունների համար:

Նշվում է, որ նրանց արարքները տեղ են գտել «առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև առնվազն 2024 թվականի մայիսի 20-ը՝ [Միջազգային քրեական դատարան] կալանավորման մասին դիմումները ներկայացնելու օրը»:

Հայտնի է, որ Իսրայելը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ, ուստի Նեթանյահուն ու Գալանտը չեն կարող հարազատ երկրում ենթարկվել քրեական հետապնդման, բայց կարող են խնդիրների բախվել արտերկրում:

Իսրայելի վարչապետը դատապարտել է ձերբակալման մասին դատարանի կարգադրությունը:

Միջազգային քրեական դատարանը նաև ձերբակալության հրահանգ է իջեցրել «Համասի» ռազմական ղեկավար Մուհամմադ Դեյֆի վերաբերյալ՝ մեղադրելով նրան մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ սպանության, պատանդ վերցնելու և սեռական բռնության մեջ: Այդ մեղադրանքների հիմքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» հարձակումն է, որի հետևանքով, ինչպես հայտնի է, սպանվեց մոտ 1,200 մարդ, այդ թվում՝ 46 ԱՄՆ քաղաքացի, պատանդառվեցին մոտ 250-ը։

Հարձակումից հետո Իսրայելը ձեռնամուխ եղավ պատասխան գործողությունների՝ ուղղված «Համաս» խմբավորման դեմ։ Նախորդ մեկ տարում Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 44 հազարի՝ ըստ տեղի առողջապահական ծառայության:

Երբ այս մայիսին Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը ներկայկացրեց իր մեղադրանքները դատարանին, Նեթանյահուն հայտարարություն տարածեց, թե նման քայլն «ամոթի խարան է միջազգային դատարանի վրա»:

Նեթանյահուի խոսքով՝ «Իսրայելը արդար պատերազմ է մղում «Համասի» դեմ», և նրա ու Գալանտի դեմ «անհեթեթ» մեղադրանքները «ընդամենը փորձ է մերժել ինքնապաշտպանվելու Իսրայելի իրավունքը»:

Նեթանյահուն ազատեց Գալանտին պաշտպանության նախարարի պարտականություններից այս ամսվա սկզբին՝ նշելով, թե վստահության պակաս է առաջացել միմյանց միջև:

XS
SM
MD
LG