Կեդումիմը հարմարավետ համայնք է Արևմտյան ափի հյուսիսում, որը կառուցվել է 1970-ականների կեսերին: Տեղի վերաբնակիչների առաջնորդ Դանիելլա Վայսի երեխաներն առաջին հրեական ընտանիքներից էին, որոնք բնակություն էին հաստատել այստեղ՝ ապրելով վրաններում՝ առանց հոսող ջրի:
Այսօր նա հույս ունի, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հորդանան գետի արևմտյան ափի բնակավայրերի ամբողջական ինքնիշխանությունը՝ առանց պաղեստինյան պետության մասին դրույթների:
Նրա խոսքով՝ իրենք պետք է որոշեն իրենց ինքնիշխանության գինը, այլ ոչ թռ Միացյալ նահանգների ներկայիս նախագահը։
Այնտեղ է ապրում նաև Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։ Նա կանխատեսել է, որ 2025 թվականին Իսրայելին կկցվի Արևմտյան ափի 60 տոկոսը՝ C տրածքը, որտեղ կան հրեական բնակավայրեր՝ ավելի քան 500,000 վերաբնակիչների տներով: 2,5 միլիոն պաղեստինցիները հիմնականում ապրում են Արևմտյան ափի A և B տարածքներում, որոնք գտնվում են Պաղեստինի ինքնավարության մասնակի կամ ամբողջական վերահսկողության ներքո:
Իսրայելի կողմից վիճելի տարածքների բռնակցումը Թրամփի առաջին վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության առանձնահատկությունն էր: Իսրայելում Թրամփի կողմից նշանակված դեսպան Մայք Հաքաբին երկար ժամանակ եղել է Հորդանան գետի արեւմտյան ափում հրեական բնակավայրերի հավատարիմ ջատագովը: Ինչպես իսրայելացի վերաբնակիչները, նա այդ տարածքները հիշատակում է աստվածաշնչյան Հուդա և Սամարիա անուններով։
«Ես ճանաչում եմ Հրեաստանը և Սամարիան որպես Իսրայելի մի մաս։ Եվ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ Հրեաստանում և Սամարիայում ավելի շատ հրեաներ են ապրում, քան շատերը երբևէ կպատկերացնեն: Դա Իսրայելի անվտանգության կարևոր մասն է»,-ասել է Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մայք Հաքաբին։
Որոշ վերլուծաբաններ, այդ թվում նրանք, ովքեր ապրում են Հորդանան գետի Արևմտյան ափում, ասում են, որ Իսրայելը պետք է զգույշ լինի հողերը միակողմանիորեն բռնակցելու հարցում։
Մյուս վերաբնակիչներն անհանգստանում են, որ Արևմտյան ափի մի մասը միացնելու որոշումը կարող է խառնաշփոթ առաջացնել:
Հերցոգ քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Հանան Մոզեսը, ով ապրում է Կեդումիմում, ասում է՝ «Անձամբ ես կողմնակից եմ անեքսիային, բայց պարզապես չեմ ուզում, որ այն նորից պառակտի հասարակությանը»։
Որոշ վերաբնակիչ առաջնորդներ, այդ թվում՝ Դանիելլա Վայսը, ցանկանում են ավելի հեռուն գնալ, քան Արևմտյան ափը միացնելը: Նրանք ասում են, որ արդեն պատրաստվում են վերակառուցել Գազայի հատվածում հրեական բնակավայրերը, որոնք տարհանվել էին 2005 թվականին։