Ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նրա իրավահաջորդ Դոնալդ Թրամփը, չորեքշաբթի շնորհավորել են ամերիկացիներին Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Բայդենը տեսաուղերձ է ձայնագրել՝ Սպիտակ տան ամանորյա զարդարանքներով, որը տեղադրվել է YouTube-ում: Տեսաուղերձոում նա ամերիկացիներին կոչ է արել մի կողմ թողնել «այն ամենը, ինչը մեզ բաժանում է»։
«Մենք այստեղ ենք այս Երկրի վրա, որպեսզի հոգ տանենք միմյանց մասին, սիրենք միմյանց», - նշել է Բայդենը: «Շատ հաճախ մենք միմյանց տեսնում ենք որպես թշնամիներ, ոչ թե հարևաններ և հայրենակիցներ»:
Բայդենը ամերիկացիներին նաև հիշեցրել միմյանց հետ փոխհարաբերություններում հարգանքի և արժանապատվության կարևորության մասին, նշելով, որ պետք է «ապրել լույսի ներքո» և հիշել, որ ամերիկացիներն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան տարբերություններ:
Թրամփն իր Truth Social հարթակում հրապարակել է Սուրբ Ծննդյան ողջույն՝ իր և կնոջ՝ Մելանյայի լուսանկարով:
Ավելի ուշ նորընտիր նաւագահը նաև հրապարակել է ավելի երկար Սուրբ Ծննդյան ուղերձ, որտեղ նա քննադատել է դեմոկրատներին և Կանադայի վարչապետին:
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ ծայրահեղ ձախակողմյան խելագարներին, ովքեր անընդհատ փորձում են խոչընդոտել մեր դատական համակարգը և մեր ընտրությունները»,- գրել է Թրամփը։ «Նրանք գիտեն, որ իրենց գոյատևման միակ հնարավորությունը ներում ստանալն է մի մարդուց, ով բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ է անում»:
«Նաև շնորհավոր Սուրբ Ծնունդ Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյին, որի քաղաքացիների հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա մեր 51-րդ նահանգը, նրանց հարկերը կկրճատվեն ավելի քան 60 տոկոսով», - հավելել է նա իր գրառման մեջ: