Մինչ աշխարհը սպասում է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձին Սպիտակ տուն՝ Թայվանը հայտնվել է Պեկինի աճող ճնշման և ԱՄՆ-Թայվան հարաբերությունների հետագայի վերաբերևյալ անորոշությունների ներքո:
Թայվանում բոլորը՝ զինվորականներից մինչև քաղաքացիական անձինք անորոշության մեջ են, թե ինչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ նորընտիր նախագահը կղզու հարցում և այն էլ Չինաստանի աճող ճնշման ներքո:
Պեկինն, ինչպես հայտնի է, Թայվանը համարում է Չինաստանի մասը՝ հայտարարելով, թե անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառի՝ այդ պահանջն իրականություն դարձնելու համար։
Իր հերթին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս նշել է, որ Վաշինգտոնը օգնության կգա Թայվանին, եթե Չինաստանը գրոհի կղզին։
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Թայվանին վճարել ԱՄՆ պաշտպանության համար:
«Մի փոքր անհանգստացած եմ, քանի որ դժվար է հասկանալ, թե ինչ է ասում Թրամփը և ինչ է իրականում անում՝ կուլիսներում, որոնք չենք կարող տեսնել: Նա միշտ գործել է իր և ԱՄՆ շահերից ելնելով»,- ասում է Թայվանի բնակչուհի Էնջլ Չին։
Թեև Թրամփը որպես իր ապագա վարչակազմի՝ արտաքին ու անվտանգության քաղաքականությունների գծով պատասխանատուներ է ընտրել Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ առանձնացող Մարկո Ռուբիոյին և Մայք Ուոլցին, սակայն նրա խոսքերը Թայվանի վերաբերյալ անորոշ են:
«Չեմ ուզում ասել, թե ինչ եմ մտածում. Եթե պատասխանեմ այդ հարցին, ինձ շատ վատ բանակցային դրության մեջ կդնեմ»,- ասել է Թրամփը:
«Այս պահին չգիտենք՝ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ ցանկանում է վերադարձնել Միացյալ Նահանգները ավելի իզոլյացիոնիստական դիրքորոշման»,- ասում է աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Մայքլ Քոուլը:
Թե այս ամենի մասին ինչ են մտածում Պեկինում, պարզ դարձավ դեռ նոյեմբերի 7-ին՝ Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցչի ասուլիսի ժամանակ։
«Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի և Թայվանի միջև պաշտոնական փոխգործակցության ցանկացած ձևի»,- հայտարարել է Մաո Նինը:
Թայվանում, սակայն, մարդիկ կարծում են, որ կղզում տիրող ժողովրդավարությունը կօգնի ամրապնդել հարաբերությունները ԱՄՆ և համախոհ այլ երկրների հետ:
«Թրամփը ցանկանում է տարբերվել Բայդենից, թե ունի իր անձնական տեսակետները։ Բայց չեմ կարծում, որ [այդ հանգամանքը] կազդի ԱՄՆ-ում Թայվանի արժեքի կամ [Չինաստանի դեմ] պաշտպանական գծի [ստեղծման վրա],- ասում է Թայվանի բնակիչ Չեն Չենգը:
Փորձագետները նույնպես համաձայն են՝ քիչ հավանական է, որ Թրամփի օրոք ԱՄՆ-Թայվան հարաբերություններում լուրջ փոփոխություններ տեղի ունենան:
«Տրամադրությունն այնպիսին է, որ շատ զգույշ և զգոն ենք լինելու զարգացումների նկատմամբ, բայց խուճապի չենք մատնվում: Նաև շատ ուժեղ երկկուսակցական աջակցություն ունենք [ԱՄՆ] Կոնգրեսում, որը կարող է լինել Թայվանի լավագույն ամրոցը՝ տարբեր ոլորտներում Թայվան-ԱՄՆ հարաբերությունների պահպանման և բարելավման համար»,- ասում է The Prospect Foundation-ի ներկայացուցիչ Լայ Ի-Չունգը։
Մինչ Թայվանում շարունակում են ջանքերը ԱՄՆ ուղղությամբ և նախապատրաստվում են Թրամփի գալիք վարչակազմին՝ Չինաստանը ուժեղացնում է ռազմական ճնշումը կղզու նկատմամբ, ինչը նկատելի է այս մայիսից, երբ Թայվանի նախագահ Լայ Ցին-տեն ստանձնեց պաշտոնը։
Ըստ Քոուլի՝ Պեկինի գործողություններն ուղղված են Թայվանի կառավարության և պարզ քաղաքացիների դեմ:
«Նրանք՝ [Պեկինում] հույս ունեն, որ Թայվանի դեմ կիրառվող զսպման այդ [քաղաքականությունը] ի վերջո կստիպի թայվանցի ընտրողներին, կամ Թայվանի կառավարությանը գործակցել [Չինաստանի հետ]՝ ռիսկերից խուսափելու մեջ»,- նշում է Մայքլ Քոուլը:
Քոուլն շարունակում է, որ Թայվանի նկատմամբ Պեկինի ագրեսիվ նկրտումների աստիճանը կարող է կախված լինել, թե ինչ գնահատական կտան Չինաստանում Թայվանի և Պեկինի նկատմամբ Թրամփի նոր վարչակազմի քաղաքականությանը: