Մատչելի հղումներ

Կարելի՞ է վստահել Ռուսաստանում անցկացվող սոցհարցումներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիս է տալիս։ Մոսկվա, դեկտեմբերի 19, 2024թ․։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիս է տալիս։ Մոսկվա, դեկտեմբերի 19, 2024թ․։

Սոցցանցերում թեժ քննարկում է ծավալվել՝ Վաշինգտոնում գործող հեղինակավոր Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբան Մարիա Սնեգովայի ուսումնասիրության առնչությամբ:

Այն նվիրված է ռուսաստանյան հասարակությունում իշխող տրամադրություններին՝ կապված Ուկրաինայի դեմ պատերազմի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցաբերվող աջակցության հետ:

23 էջանոց զեկույցից հատուկ ուշադրության է արժանացել եզրակացություններից մեկը, թե ռուսաստանյան հասարակության մեծ մասը աջակցում է իշխանություններին, այդ թվում՝ «միջուկային զենքի կիրառման հարցում»։

Կարելի՞ է վստահել Ռուսաստանում անցկացվող սոցհարցումներին
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

Բանավեճի մասնակիցներից ոմանք համաձայն են, որ Ռուսաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցումների հիման վրա կարելի է որոշակի պատկերացում կազմել տեղի բնակչության տրամադրությունների մասին։ Մյուսները համոզված են՝ տոտալիտար պետությունում նման հարցումները անիմաստ են, քանի որ հարցվողները գտնվում են իշխանությունների բռնաճնշումների ներքո։

Հատկապես՝ ռուսաստանյան ընդդիմադիր շրջանակները կողմ են երկրորդ տեսակետին։ Օրինակ, տնտեսագետ Մաքսիմ Միրոնովը պնդում է, որ Ռուսաստանում պատերազմի վերաբերյալ ոչ մի հարցման չի կարելի վստահել։

«Երբ Ռուսաստանից ծանոթներս գալիս են ինձ հյուր, նրանք պարզապես մի քանի օր լռում են։ Նրանք սովոր են Մոսկվայի ռեստորաններում՝ ընկերների հետ հանդիպելիս քննարկել միայն ընտանիքին, երեխաներին, եղանակին կամ արձակուրդին վերաբերող հարցեր։ Քաղաքականության ու պատերազմի մասին խոսելն արգելված թեմա է։ Երբեք չգիտես, թե կողքի սեղանին ով է նստած։ Եվ հիմա պատկերացրեք՝ այսօրվա Ռուսաստանում ձեզ զանգահարում է անծանոթ մեկը, ներկայանում որպես սոցիոլոգ, և դուք նրան անկեղծորեն ասում եք ձեր կարծիքը պատերազմի մասին»,- գրում է նա X-ում։

Ռուսական ուժերի կողմից հրթիռակոծված Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Դեկտեմբերի 20, 2024թ․։
Ռուսական ուժերի կողմից հրթիռակոծված Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Դեկտեմբերի 20, 2024թ․։

Քաղաքագետ Ֆյոդոր Կրաշենիննիկովը ընդգծում է՝ Ռուսաստանում սոցհարցումների հավաստիության վերաբերյալ բանավեճը անիմաստ է, որովհետև բռնապետական պետություններում անհնար է իրականացնել հարցումներ նույն մեթոդներով, որոնք կիրառվում են բաց հասարակությունում։

«Հյուսիսային Կորեայում, Չինաստանում, Թուրքմենստանում և, բնականաբար, Ռուսաստանում անհնար է իրականացնել հասարակական կարծիքի օբյեկտիվ ուսումնասիրություն՝ օգտագործելով ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում կամ Ֆրանսիայում կիրառվող մեթոդները։ Մարդիկ պարզապես վախենում են արտահայտել իրենց իրական կարծիքը՝ սարսափելով հնարավոր բռնաճնշումներից»,- նշում է քաղաքագետը։

Ըստ Կրաշենիննիկովի՝ ժողովրդավարական երկրներում մարդիկ տարբեր աղբյուրներից տեղեկություններ են ստանում և կարողանում են համեմատել այն ու վերլուծել։

«[Այնինչ] բռնապետական ռեժիմներում քաղաքացիները չունեն այդ ընտրության հնարավորությունը։ Մարդկանց համար ավելի հեշտ է համաձայնվել պարտադրվածին, թեկուզ ձևականորեն, քան վիճարկել այն՝ վտանգելով սեփական ապագան։ Փակ հասարակություններում հանրային կարծիքի ուսումնասիրության ամենահարմար գործիքները խորը հարցազրույցներն են ու ֆոկուս խմբերը, կամ շատ զգույշ անցկացվող հարցումները, որոնք չեն պահանջում հարցվողներից ուղղակիորեն հակադրվել իշխանությունների դիրքորոշմանը։ Բայց երբ հարցերը հնչում են ուղիղ, օրինակ՝ աջակցո՞ւմ եք Պուտինին կամ պատերազմին, դրանք սարսափեցնում են մարդկանց»,- նշում է քաղաքագետը։

Միխայիլ Կրաշենիննիկովի կարծիքով՝ զեկույցի հեղինակն, իրականում, կտրված է ռուսաստանյան իրականությունից։

«Եթե նա կարծում է, որ Ռուսաստանում հարցումները օբյեկտիվ են, խորհուրդ կտայի անձամբ գնալ այնտեղ, հարցում անցկացնել և տեսնել արդյունքները»,- եզրափակում է քաղաքագետը։

Սոցիոլոգ Իգոր Էյդմանի կարծիքով՝ իրավիճակը ավելի վատ է, քան պատկերացնում է Սնեգովան։

«Խնդիրն այն չէ, որ ռուսաստանյան հասարակական կարծիքը աջակցում է Պուտինին, այլ այն, որ այս հասարակությունը պարզապես չունի սեփական կարծիք։ Բնակչության մեծամասնությունը քարոզչության զոհ է՝ զրկված կամքից և գործելու կարողությունից։ Սա բնորոշ է բոլոր տոտալիտար պետություններին»,- գրել է նա Facebook-ում։

Մյուս կողմից, ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Նատալյա Պելևինայի կարծիքով՝ Ռուսաստանում գոյություն ունի մարդկանց մի մեծ զանգված, որոնք հստակ դիրքորոշում չունեն պատերազմի առնչությամբ։

«Որքա՞ն են նրանք, իրականում, կո՞ղմ են, թե՞ դեմ։ Այս զանգվածը լուրջ ուշադրության չի արժանանում։ Չգիտենք այդ մարդկանց իրական թիվը»,- նշում է Պելևինան։

Միաժամանակ, ըստ գործչի՝ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հանրային որևէ աջակցության պայմաններում անգամ բռնապետական ռեժիմները արագորեն փլուզվում են, և թարմ օրինակները բազմաթիվ են՝ Քադաֆիից մինչև ալ-Ասադ։

«Ամենայն հավանականությամբ, նույնը կլինի Պուտինի ռեժիմի հետ։ Կպարզվի, որ այն չուներ իրական աջակցություն»,- ընդգծում է Նատալյա Պելևինան։

Ինչևէ, վերադառնանք Մարիա Սնեգովայի զեկույցին, ուր հեղինակը չի բացառում ուկրաինական պատերազմի նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքի նկատելի փոփոխություն, որը, սակայն, հնարավոր է, իր բառերով ասած, «կատարյալ փոթորկի»՝ տնտեսական փլուզման և ռազմական ծանր կորուստների պայմաններում։

XS
SM
MD
LG