ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ իր գալիք նախագահության սկզբում կփորձի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կքնմանը, և երկու կողմերն էլ, հնարավոր է, ստիպված լինեն փոխզիջման գնալ:
«Պետք է գործարք լինի։ Չափազանց շատ մարդիկ են սպանվել։ Պատերազմ է։ Չափազանց շատ մարդ է [սպանվել]։ [Նա] պետք է գործարքի գնա, և Պուտինը նույնպես պետք է գործարքի գնա»,- ասել է Թրամփը:
Այս ամենի ֆոնին՝ հայտնի դարձավ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականի՝ ռադիացիոն, կենսաբանական և քիմիական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի՝ Մոսկվայում տեղի ունեցած սպանության մասին։
Վերլուծաբան Ուիլյամ Պոմերանցի խոսքով՝ ամերիկյան աջակցության դադարեցումը Կիևին, որի մասին ակնարկում է Թրամփը, «էական հետևանք» կունենա Ուկրաինայի համար և կարող է ԱՄՆ դաշնակիցների շրջանում բացասական հետևանք թողնել Դոնալդ Թրամփի հեղինակության վրա:
«Հնարավոր առճակատում եմ նկատում ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների և նախագահ Թրամփի միջև՝ [ուկրաինական] պատերազմի հարցում: Անկեղծ ասած, երբ Թրամփը խոսում է բանակցությունների մասին, իսկապես նշանակում է, որ Ուկրաինան պետք է բանակցի և հանձնվի, և ոչ մի պայման չի դնում Ռուսաստանի առջև»,- ասում է Պոմերանցը:
Զուգահեռաբար՝ հեռացող Բայդենի վարչակազմը, կարծես, փորձում է Կիևին փոխանցել Ուկրաինայի աջակցության համար նախատեսված ամերիկյան բոլոր միջոցները։
«Ուկրաինական հարցը վերաբերում է միջազգային համակարգի առանցքին, որից ածանցվում է մնացածը։ Խոսքը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության մասին է։ Եթե այդ սկզբունքներն անպաշտպան են Ուկրաինայում, ապա անպաշտպան են այլուր»,- ասում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը:
Այդուհանդերձ, Կոնգրեսն է, ի վերջո, որոշելու՝ արդյո՞ք շարունակել աջակցությունը Ուկրաինային:
«Կարծում եմ՝ Թրամփի ընտրվելը նախագահի պաշտոնում արդեն փոխել է ուժերի հավասարակշռությունը։ Կարծում եմ՝ նա այն մարդն է, ով կարող է հասնել [ուկրաինական հակամարտության] հանգուցալուծմանը։ Անհամբեր սպասում ենք նրա քայլերին այս հարցում։ Այնպես որ՝ սպասենք»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը:
Տեխասից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Էրիկա Լի Քարթերը, որը ամերիկյան օրնսդիր մարմնում այս տարի փոխարինեց մորը՝ կյանքին հրաժեշտ տված հայտնի դեմոկրատ կոնգրեսական Շեյլա Ջեքսոն Լիին, Ներկայացուցիչների ներկայիս տան գործունեության վերջին շաբաթները օգտագործեց՝ վերահաստատելու աջակցությունը Կիևին։
«Հույսս չեմ կորցնում, քանի դեռ Ուկրաինայում բոլորը չեն դադարել պայքարել, և ես չեմ տեսնում, թե նման բան տեղի կունենա, և տեղի չի ունենա, քանի դեռ [Ուկրաինան] հաղթանակ չի տարել»,- ասում է կոնգրեսական Էրիկա Լի Քարթերը:
Ինչևէ, այսօր գլխավոր հարցերից է, թե պատրաստ է Ուկրաինան համաձայնության գալ:
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ներկայացուցիչները վերջերս դարձյալ արևմտյան երկրներում էին՝ Լեհաստանից ու Ֆրանսիայից մինչև Ավստրալիան: Նպատակը՝ Կիևի համար աջակցության ապահովումն է։
Հարցին՝ արդյո՞ք նա պատրաստ է զենքը վայր դնել և նստել բանակցությունների սեղանի շուրջ, վերջերս Զելենսկին պատասխանեց, որ նախ անհրաժեշտ է հասկանալ, թե անվտանգության ինչ երաշխիքներ կան և որն է խաղաղության ծրագիրը: