Մատչելի հղումներ

USAID ղեկավարը ողջունել է Հայաստանի արձագրած առաջընթացը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների հարցում


USAID ղեկավար Սամանթա Փաուերը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը խոսել է Հայաստանում USAID-ի ջանքերով իրականացված բարեփոխումների մասին
USAID ղեկավար Սամանթա Փաուերը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը խոսել է Հայաստանում USAID-ի ջանքերով իրականացված բարեփոխումների մասին

USAID ղեկավար Սամանթա Փաուերը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը խոսել է հայաստանյան բարեփոխումներում՝ իր գլխավորած կառույցի ներդրման մասին։

Աշխարհում առկա բազմաթիվ մարտահրավերների և ցնցումների ֆոնին՝ Հայաստանի հետագիծը հազվագյուտ լուսավոր մի կետ է, որը սակայն շարունակում է մնալ անտեսված՝ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան օրերս Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում քննարկել է երկրի տնտեսական կայունության և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում USAID ունեցած դերը: Հանրային քննարկման մյուս բանախոսն էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, իսկ միջոցառման վարողը՝ Հայաստանում ԱՄՆ նախին դեսպան Մարիա Յովանովիչը:

Ըստ Սամանթա Փաուերի՝ հայաստանյան թավշյա հեղափոխությունից ի վեր Միացյալ Նահանգները շուրջ 75%-ով ավելացրել է ֆինանսական օժանդակությունը Հայաստանին: Ընդհանուր՝ ավելի քան 70 միլիոն դոլարի հասնող Հայաստանում USAID-ի աջակցության փաթեթը ներառում է ժողովրդավարական կառավարման, հակակոռուպցիոն պայքարի, տնտեսական աճի, էներգետիկ և պարենային անվտանգության, սոցիալական ոլորտի, ազատ մամուլի վերաբերյալ ծրագրեր:

«Հայաստանում բացահայտում ենք նոր հնարավորություններ և խրախուսում ենք պետական այլ գործակալությունների մուտքը Հայաստան՝ երկրի հնարավորություններին ծանոթանալու համար: Չափազանց ոգևորված ենք, հատկապես, ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC-ի) այստեղ ներգրավմամբ, որն, իսկապես, խորացնում է իր կապերը ու [ընդլայնում] ներդրումները Հայաստանում»,- ասել է Փաուերը:

Հայաստանն այսօր այն փոքրաթիվ երկրներից է, որն ընդգրկվել է պետքարտուղարության և USAID-ի համատեղ Democracy Delivers նախաձեռնության մեջ, որը միտված է ավելի շատ քաղաքական ուշադրություն և ռեսուրսներ տրամադրել ակտիվորեն ժողովրդավարական բարեփոխումների ուղով շարժվող երկրներին:

«Հայաստանի արձանագրած ժողովրդավարական առաջընթացը արտահայտված է թվերով: 2018 թվականից առ այսօր Հայաստանը «Freedom House»-ի քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների վարկանիշով 132-րդ տեղից հասել է 90-րդ հորիզոնական: Սա մեծ առաջընթաց է կարճ ժամանակահատվածում»,- նշել է Փաուերը:

Նրա խոսքով՝ 2018 թ-ից Հայաստանի նոր կառավարությունը ժառանգել էր արմատացած կոռուպցիայով, կողմնակալ լրատվամիջոցներով, անարդյունավետ բյուրոկրատիայով պետական մի համակարգ և տնտեսություն: USAID աջակցում է Երևանին այս մարտահրավերները հաղթահարելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ամերիկյան կողմը օգնում է Հայաստանի իշխանություններին բարելավել ընտրական օրենսգիրքն ու գործընթացը և ուժեղացնել հակակոռուպցիոն պայքարը:

«Մենք արձանագրել ենք առաջընթաց: Գիտենք, որ ավելին է անհրաժեշտ անել, սակայն 2018 թվականին Transparency International-ի դասակարգմամբ Հայաստանը թափանցիկ կառավարման ոլորտում 105-րդն էր աշխարհում: Այսօր, կառավարությունում և դրանից դուրս բարեփոխիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանը զբաղեցնում է 62-րդ տեղը՝ առաջընթաց գրանցելով 43 տեղով: Դժվար է, իսկապես, գտնել մի երկիր, որն այդքան արագ նման արդյունք գրանցի»,- ընդգծել է Փաուերը:

Սամանթա Փաուերը կարևորել է ամերիկյան օգնությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի կարիքներին արձագանքելու համար: Նրանցից մի քանիսի հետ նա հանդիպել էր Հայաստան կատարած այցի շրջանակում:

Փաուերը նաև ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը խաղաղության հաստատման հարցում:

«Կշարունակենք աջակցել Ադրբեջանի հետ կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու ջանքերին: Խաղաղություն, որը հիմնարար դեր ունի Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջանում երկարաժամկետ հեռանկարում կայունության և բարգավաճման համար»,- հայտարարել է Փաուերը:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցն, իր բացման խոսքում ներկայացնելով USAID ղեկավարին, ընդգծել է վերջինիս հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Սամանթա Փաուրին՝ ԱՄՆ-ը կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ներդրած ջանքերի համար:

Հայաստանի դեսպանը ընդգծում է՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացումն, առաջին հերթին, բխում է երկու երկրների ընդհանուր արժեքներից, ինչպես նաև Հայաստանի ազգային և անվտանգության շահերից: Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում՝ աջակցելու խաղաղությանը և կայունությանը՝ ընդգծելով, որ ակնկալում է շարունակել հայ-ամերիկյան հարաբերությունների և ձեռքբերումների վերաբերյալ երխոսությունը գալիք վարչակազմի հետ:

«Խաղաղությունը Հարավային Կովկասում բխում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերից, և կարծում եմ, որ Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է նաև Միացյալ Նահանգների ռազմավարական շահերից»,- ասել է դեսպան Մակունցը:

Հայաստանի դեսպանը կարևորել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը՝ ընդգծելով Վաշինգտոնի և Երևանի միջև այսօրվա հարաբերությունների ինստիտուցիոնալացման և ռազմավարական գործընկերության ամրապնդման կարևորությունը: Անհրաժեշտ է վստահ լինել, որ Վաշինգտոնը հստակ պատկերացում ունի այսօրվա Հայաստանի ձգտումների, մտահոգությունների, մարտահրավերների մասին՝ շեշտել է Հայաստանի դեսպանը:

«Այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, էներգետիկ անվտանգությունը, կարևոր է ունենալ աջակցություն։ Մենք ձգտում ենք համագործակցությունը տեղափոխել օգնության տրամադրման մակարդակից առևտրային հարաբերությունների խորացման մակարդակ, քանի որ կարծում ենք՝ դա ավելի կայուն միջոց է անկախ, ինքնիշխան և ինքնաբավ դառնալու համար»,- նշել է Մակունցը:

Սամանթա Փաուերը համակարծիք էր, որ անհրաժեշտ է շարժվել դեպի նոր նպատակներ: Այսօր Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսաան բարեփոխումներին՝ ձեռք բերումները պահպանելու համար:

«Զգալիորեն մեծացրել ենք աջակցությունը, քանի որ տեսնում ենք հնարավորություն, ներուժ այստեղ: Դիտարկում ենք մեր օժանդակությունը որպես փոփոխությունների տանող աջակցություն, որը կմեծացնի աճը և բիզնեսի հնարավորությունները, կաշխուժացնի առևտրային պատվիրակությունների շփումները և կօգնի սփյուռքի այն շրջանակներին, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարելու մեջ»,- ասում է Փաուերը:

Էներգետիկ անկախության և ոլորտի դիվերսիֆիկացման մասին խոսելիս՝ USAID ղեկավարն առանձնացրել է չորս ուղղություններ, ուր գործակալությունն աջակցում է Հայաստանին: Դրանք են էներգետիկ ոլորտի արդյունավետության բարձրացումը, մասնավոր հատվածի ներդրումների և ներգրավվածության մեծացումը, էլեկտրաէներգիայի շուկայի ապամոնոպոլիզացումն ու ազատականացումը, ինչպես նաև՝ վերականգնողական էներգիայի զարգացումը:

«Էներգետիկ բարեփոխումների համար ժամանակ կպահանջվի: Սա աշխատանք է, որը, կարծում եմ, բոլորս կհամաձայնվենք, պետք է արվեր սերունդներ առաջ, որպեսզի Հայաստանը ունենար այն դիմադրողականությունը և էներգետիկ անկախությունը, որին ձգտում է»,- ընդգծել Փաուերը:

Հորդորելով շարունակել ներդրումներ կատարել Հայաստանի ապագայի համար՝ Սամանթա Փաուերը շեշտել է, որ երկիրն այսօր հազվագյուտ և պատմական հնարավորություն ունի ցույց տալ, որ բաց, թափանցիկ, քաղաքացիակենտրոն կառավարումը կարող է ավելի լավ ապագա ապահովել իր քաղաքացիներին:

XS
SM
MD
LG