Մատչելի հղումներ

Ղազախստանում կործանվել է «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը


Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հրապարակված նկարը
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հրապարակված նկարը

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների»` Azal-ի մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան` Ակտաու քաղաքում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Embraer 190 ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի իշխանություններին, հայտնում են, որ ավիավթարից ողջ է մնացել 28 մարդ։

Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ իրենց հաջողվել է մարել է ինքնաթիռում բռնկված հրդեհը, իսկ փրկվածները, այդ թվում՝ երեք երեխա, բուժօգնություն են ստանում մոտակա հիվանդանոցում:

Ըստ Reuters-ի՝ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ղազախստանի Ակտաու քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա։

Ռուսական լրատվական գործակալությունները հայտնել են, որ թռիչքի երթուղին փոխվել էր՝ Գրոզնին պատած խիտ մառախուղի պատճառով։

Ըստ մամուլի հրապարակումների՝ ուղևորների մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ Baza-ի փոխանցմամբ՝ ուղևորների թվում էին մոտ 15 ռուսաստանցիներ և Տաջիկստանի, Ղրղզստանի ու Ղազախստանի քաղաքացիներ։

Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից և բախվել թռիչքուղու մոտ գտնվող դաշտին։ Flightradar ծառայության տվյալների համաձայն՝ վթարից առաջ ինքնաթիռը պտտվում էր օդանավակայանի վրայով։

Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ինքնաթիռի բախումը թռչունների երամի հետ։

XS
SM
MD
LG