Մատչելի հղումներ

Թրամփը ցանկանում է Ուկրաինայում «արդար և կայուն» խաղաղության հասնել. Քելլոգ


Քիթ Քելոգ
Քիթ Քելոգ

Դոնալդ Թրամփը ցանկանում է հասնել «արդար, կայուն և ապահով խաղաղության Ուկրաինայում», երեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նորընտիր նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնի համար առաջադրված գեներալ Քիթ Քելլոգը։

Fox Business-ի հետ զրույցում Քելլոգը նշել է, թե Դոնալդ Թրամփը հասկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրերին հասնելու նախկին փորձերը, ներառյալ՝ Մինսկի համաձայնագրերը, «ձախողվել են», ուստի չի պատրաստվում գնալ այդ ճանապարհով։

«Նախագահը շատ հետևողական է իր նպատակների մեջ: Նա ցանկանում է դադարեցնել սպանությունները և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Սա նրա միակ միջազգային առաջնահերթությունը չէ, բայց նա ձգտում է հասնել արդար, կայուն և ապահով աշխարհի»,- ասել է Դոնալդ Թրամփի թիմի խոսնակը:

Ըստ Քելլոգի, Թրամփն հավաստիացրել է, որ «հասկանում է իր դաշնակիցների և Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարևորությունը»:

«Իրոք, հավատում եմ, որ նա այս հարցի շուրջ կաշխատի մոտ ապագայում»,- ընդգծել է Քիթ Քելլոգը։

Ավելի վաղ Քելլոգը հայտարարել էր, թե Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստ են խաղաղ բանակցությունների, և բացակայում է միայն իրավարարը, որը կկարողանա «բաժանել» հակամարտ երկու կողմերին։

Reuters-ը գրել է, թե Քելլոգը Ուկրաինա կայցելի 2025 թվականի հունվարի սկզբին՝ «փաստահավաք առաքելությամբ»։

XS
SM
MD
LG