Իսրայելցիները մտահոգ են՝ Գազայում շարունակվող ռազմական գործողություններից հետո էլ «Համասը» պատանդ է պահում մոտ 100 իսրայելցիների

Իսրայելցիներից շատերը 2024 թվականը, թերևս, կհիշեն որպես մի տարի, երբ ավելի քան 100 իսրայելցի պատանդներ մնացին գերության մեջ՝ 2023 թվականի հոկտեմբերին «Համասի» արյունալի հարձակման ժամանակ առևանգվելուց հետո։

Իսրայելցիները մտահոգ են՝ Գազայում շարունակվող ավելի քան մեկ տարվա ռազմական գործողություններից հետո էլ «Համասը» պատանդ է պահում մոտ 100 իսրայելցիների։ Ինչպես պատանդների շատ հարազատներ, Յարդեն Գոնենը ջանք չի խնայել՝ օր ու գիշեր աշխատելով, որպեսզի իր քույրը և 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համասի» կողմից առևանգված մյուս պատանդները վերադառնան տուն։

«Մենք վիրավորված ենք ոչ միայն այն փաստից, որ ահաբեկիչները ներխուժեցին Իսրայել, սպանեցին բազմաթիվ մարդկանց և առևանգեցին շատերին։ Մենք նաև մեզ լքված ենք զգում։ Ինչու՞ է աշխարհն ավելի շատ հավատում ահաբեկչական կազմակերպության պատմածներին, քան անմեղ մարդկանց»։

2024 թվականին Իսրայելում բողոքի ցույցերի մեծ ալիք բարձրացավ՝ պահանջով, որպեսզի Բենիամին Նեթանյահուի կառավարությունը զինադադար կնքի «Համասի» հետ՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց։ Բողոքի ալիքը հասավ գագաթնակետին և հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, երբ հայտնի դարձավ, որ վեց երիտասարդ պատանդներ սպանվել են գերության մեջ, և նրանց մարմինները հայտնաբերել են իսրայելցի զինվորները։

Your browser doesn’t support HTML5

Իսրայելցիներին խիստ մտահոգում է Գազայում դեռ գերության մեջ գտնվող պատանդների հարցը

Գիլ Դիքմանը պատանդ Կարմել Գաթի զարմիկն է։ Ասում է, որ բողոքի ակցիաները ի ցույց են դնում իսրայելցի ժողովրդի կամքի և կառավարության, իր կարծիքով, քաղաքական դրդապատճառներով իրականացրած գործողությունների միջև խորը անջրպետը։

«Իսրայելցիների մեծ մասը ուզում է, որ պատանդները վերադառնան տուն, և պատրաստ է վճարել այդ գինը։ Կառավարությունը նախընտրում է, որ այս պատերազմը հավերժ շարունակվի, նույնիսկ եթե դա նշանակում է, որ պատանդները կմնան գերության մեջ»։

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե հրադադարի համաձայնագրի միջոցով պատերազմը դադարեցնելը կնշանակի, որ «Համասը» կմնա իշխանության և ապագայում կարող է վերստին սպառնալիք ներկայացնել Իսրայելին։

2024 թվականի վերջին Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հրադադար հաստատվելուց հետո շատերը հույս ունեն, որ հաջորդ քայլը կարող է լինել «Համասի» հետ գործարքը, որը վերջ կդնի պատերազմին և կազատի պատանդներին։

Սակայն նման բան տեղի չունեցավ։

Իսրայելցի վերլուծաբանների և քաղաքական գործիչների կարծիքով՝ հասարակությունը տակավին հոկտեմբերի 7-ի ծանր հետևանքների ներքո է։

«Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, դեռ երկար ժամանակ կպահանջվի իսրայելական հասարակության վերականգնման համար։ Բայց առանց պատանդներին տուն վերադարձնելու, չենք կարող դուրս գալ այդ ծանր տրավմայից։ Դա առաջին քայլն է։ Երբ նրանք այստեղ լինեն, կունենանք բոլոր հնարավորությունները հոգ տանել նրանց և իսրայելական հասարակության մասին»։

Վերջերս «Համասի» կողմից տարածված քարոզչական տեսանյութում իսրայելա-ամերիկացի պատանդ Էդան Ալեքսանդերը խնդրում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին օգնել իրեն ազատ արձակելու հարցում։ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե պատանդները ազատ չարձակվեն մինչև հունվար՝ իր պաշտոնամուտը, ապա «Համասը» ստիպված է լինելու վճարել։

Ինչևէ, դիտորդների խոսքով՝ անգամ պատանդների ազատումից հետո իսրայելական հասարակությանը հետտրավմատիկ փուլ է սպասվում։