Մատչելի հղումներ

Թուրքիան նպատակ ունի գալիք տարի ավելի մեծ դեր ստանձնել միջազգային գործերում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արխիվային լուսանկար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արխիվային լուսանկար։

Անցնող՝ 2024 թվականին Էրդողանը ընդլայնեց Թուրքիայի միջազգային ազդեցությունը՝ նախապատրաստվելով Թրամփի հետ բանակցություններին։

Ալ-Ասադի կառավարության տապալումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2024 թվականի արտաքին քազաքական, թերևս, ամենից նշանակալի հաջողությունն էր:

Անկարան Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ մարտնչող սիրիացի ապստամբների, ըստ ամենայնի, հիմնական աջակիցն էր, և դիտորդների խոսքով՝ այժմ, հաշվի առնելով նաև Անկարայի ազդեցությունը Սիրիայում, Թուրքիան Թրամփի վարչակազմի համար կարող է դառնալ կարևոր գործընկեր՝ միջազգային քաղաքականության մեջ։

«Սիրիայում [նոր] դերակատարների հետ անմիջականորեն կապվելու մեր կարողությունը պետք է լավ հնարավորություն լինի ԱՄՆ Պետքարտուղարության համար, քանի որ նրանց հարաբերություններն այնքան էլ սերտ չեն: Նաև կարող ենք խոսել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ, եթե Թրամփն օգնության կարիք ունենա»,- ասում է Global Source Partners ընկերության ներկայացուցիչ Աթիլա Եսիլադան։

Բայց ալ-Ասադի ռեժիմի տապալումը խորացրեց լարվածությունը Թուրքիայի ու Իսրայելի միջև: Էրդողանը դատապարտել է իսրայելական ավիահարվածները սիրիական ռազմական ենթակառուցվածքներին ու իսրայելական բանակի առաջխաղացումը սիրիական տարածքում։

Հիշեցնենք՝ Անկարայի ու Թել Ավիվի հարաբերությունները հատկապես սրվեցին նախորդ ամիսներին՝ Թուրքիայի կողմից «Համասին» ցուցաբերված քաղաքական աջակցության պատճառով։ Էրդողանի ներկայացմամբ՝ պաղեստինյան խմբավորման հետ կապերը կարող են բացառապես նպաստել Գազայում զինդադարի հաստատմանը։ Իսրայելցիները թերահավատ են:

«Հակամարտությունում միջնորդ լինելու համար պետք է ունենալ երկու կողմերի վստահությունը: Իսրայելը ներկայում չի վստահում Թուրքիային, և Թուրքիան ամեն ինչ արել է, որպեսզի Իսրայելը չվստահի իրեն: Որովհետև Թուրքիան այժմ գործում է Իսրայելը մեկուսացնելու նպատակով: Իսրայելի նկատմամբ առևտրային արգելք սահմանեց»,- ասում է Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Գալյա Լինդենշտրաուսը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կազան, հոկտեմբերի 23, 2024թ․։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կազան, հոկտեմբերի 23, 2024թ․։

Էրդողանը նաև հետևողական է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև միջնորդական առաքելության հարցում: Ըստ դիտորդների՝ 2024 թվականին նա խորացրեց հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միաժամանակ պահպանելով սերտ կապերն Ուկրաինայի հետ։

Արդյո՞ք Էրդողանը կկարողանա պահպանել նման գիծը՝ շատ բան կախված կլինի ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից:

«Սցենարներից մեկի համաձայն՝ Թրամփը կփորձի ճնշել Ռուսաստանին, լարվածությունը կաճի, և ինչ-որ պահի Էրդողանին կառաջարկեն ընտրություն կատարել Պուտինի ու Թրամփի միջև»,- ասում է Աթիլա Եսիլադան։

2024-ի վերջին Էրդողանը հաջող միջնորդական առաքելություն իրականացրեց Աֆրիկայում՝ նպաստելով Սոմալիի ու Եթովպիայի միջև տարածքային վեճի կարգավորմանը, ինչը, ըստ դիտորդների, ամրապնդեց Աֆրիկայում Անկարայի ազդեցությունը:

«Թուրքիան արդեն ամուր հարաբերություններ ունի ինչպես Սոմալիի, այնպես էլ Եթովպիայի հետ։ Այնպես որ, դա, անշուշտ, կնպաստի տարածաշրջանում նրա հեղինակության բարձրացմանը։ Նաև կավելացնի Թուրքիայի ներկայությունը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջանում»,- նշում է Անկարայի սոցիալական գիտությունների համալսարանի ներկայացուցիչ Էլեմ Էյրիս Թեփեջիկլօղլուն։

Այդուհանդերձ, չնայած արտաքին քաղաքական դաշտում Էրդողանի հաջողություններին, երկրի ներսում նրան շարունակում են սուր քննադատության ենթարկել՝ օրինակ, բարձր գնաճի պատճառով, ինչն արտահայտվեց այս տարվա ՏԻՄ ընտրությունների ժամանակ Էրդողանի գլխավորած կուսակցության լուրջ պարտությամբ։

XS
SM
MD
LG