Մատչելի հղումներ

Սիրիացի ապստամբների հաջողությունները կարող են սրել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները


Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբների սրընթաց հաջողությունները սպառնում են լարվածություն առաջացնել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի՝ Սիրիայում 13 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հիմնական արտաքին խաղացողների միջև:

Մինչ Սիրիայում ապստամբները շարունակում են իրենց առաջխաղացումը գետնի վրա՝ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ:

Թուրքիան, որը սիրիացի ապստամբների աջակիցն է, կոչ է անում երկխոսություն սկսել Դամասկոսի հետ, իսկ Ֆիդանը հայտարարել է, թե բանակցություններին պետք է մաս կազմի նաև սիրիական ընդդիմությունը:

Չնայած հնչող զուսպ խոսքերին, դիտորդները նշում են՝ սիրական զարգացումները ընդգծում են Անկարայի և Թեհրանի աճող տարաձայնությունները Դամասկոսի հարցում:

«Իրանի վարչակազմն իր ջանքերի մեծ մասը կենտրոնացրել է Ասադի ռեժիմի նկատմամբ լծակներ ունենալու համար: Եվ նրանք շատ զգույշ ու դեմ են Թուրքիա-Ասադ հնարավոր երկխոսությանը: Իրանը, գուցե, Թուրքիայի թշնամին չէ, բայց Թուրքիայի նկատմամբ իրեն բարեկամաբար չի պահում»,- ասում է Մարմարայի համալսարանի պրոֆեսոր Բիլգեհան Ալագոզը:

Մոսկվան նույնպես շատ բան ունի կորցնելու Սիրիայում։ Ռուսաստանը հանդիսանում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կարևոր ռազմական աջակիցը, որը Ռուսաստանի ռազմածովային ուժերին թույլ է տվել օգտագործել Միջերկրական ծովին հարող սիրիական ռազմածովային բազան՝ Տարտուսում:

«Մոսկվայի և Իրանի համար, շատ կարևոր է, որ Ասադը մնա իշխանության: Ռուսաստանը միանշանակ կօգտագործի իր ռազմական ուժը, իր օդատիեզերական ուժերը, որոնք կարող են հանգեցնել [հսկայական] զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ինչը նշանակում է միգրանտների նոր ալիք»,- ասում է Բոննի համալսարանի պրոֆեսոր Զաուր Գասիմովը:

Ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստականներ հանգրվանել են Թուրքիայի սահմանների մոտ՝ ապստամբների կողմից վերահսկվող սիրիական Իդլիբ նահանգում: Թուրքիան արդեն իսկ ընդունել ավելի քան չորս միլիոն փախստականների, և դիտորդների խոսքով՝ ռուսական ավիահարվածները կարող են նոր մարդկանց հոսք առաջացնել, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել Անկարայի պատասխանին:

«Գիծ կա, որը հատելու պարագայում Թուրքիան լուռ չի մնա։ Եթե Թուրքիայի շահերին կամ անվտանգությանն ուղղակիորեն սպառնացող զարգացում լինի, Թուրքիան կմիջամտի»,- ասում է միջազգային հարաբերությունների փորձագետ Մուրատ Ասլանը:

Ինչևէ, չնայած սիրիական քաղաքացիական պատերազմում Թուրքիան ու Ռուսաստանը հակառակ կողմերում են, նրանց, ընդհանուր առմամբ, ցայսօր հաջողվել է կառավարել տարաձայնությունները, իսկ Էրդողանի ու Պուտինի սերտ հարաբերությունները հանրահայտ են:

Երկուշաբթի նրանց հեռախոսազրույցի գլխավոր հարցը սիրիական զարգացումներն էին։

Ըստ դիտորդների՝ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները երկկողմ հարաբերությունները չափազանց կարևոր են համարում և Սիրիայի պատճառով չեն կարող խզում թույլ տալ:

«Քիչ հավանական է, որ [Սիրիայի պատճառով] Մոսկվան կվտանգի իր համագործակցությունը Թուրքիայի հետ, ինչը առաջնային նշանակություն ունի ռուսական արտաքին քաղաքականության համար։ Կարծում եմ՝ Մոսկվան և Անկարան կցուցաբերեն քաղաքական պրագմատիզմ և կփորձեն միմյանց հետ բանակցությունների միջոցով լուծել խնդիրները»,- հավելում է Գասիմովը:

Այսպես կոչված, Աստանայի գործընթացի շրջանակներում Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը նախկինում համագործակցել են Սիրիայի հարցով: Դիտորդներն ասում են, որ այդ գործընթացը կարող է վերածնվել, եթե բոլոր կողմերը շահագրգռված լինեն Սիրիայում ձգձգվող հակամարտությանը դիվանագիտական լուծում տալու մեջ:

XS
SM
MD
LG