Մատչելի հղումներ

Իր որդուն ներում շնորհելու Բայդենի քայլը ԱՄՆ-ում բանավեճ է հարուցել


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա որդին՝ Հանթեր Բայդենը, դուրս են գալիս գրախանութից՝ Մասաչուսեթս նահանգի Նանտաքեթ քաղաքում 2024 թվականի նոյեմբերի 29-ին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա որդին՝ Հանթեր Բայդենը, դուրս են գալիս գրախանութից՝ Մասաչուսեթս նահանգի Նանտաքեթ քաղաքում 2024 թվականի նոյեմբերի 29-ին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին, ինչը բանավեճի տեղիք է տվել ամերիկյան հանրության շրջանում։ Միացյալ Նահանգների նախագահների կողմից իրենց պաշտոնավարման ավարտին դատապարտվածներին ներում շնորհելը՝ Սպիտակ տան նախորդ մի քանի ղեկավարների գործելակերպն էր։

Պաշտոնավարման ավարտից ընդամենը շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում շնորհեց իր որդուն՝ Հանթերին: Սպիտակ տունը երկուշաբթի հանդես եկավ ի պաշտպանության երիտասարդ Բայդենի, որին մեղադրում էին նաև հարկերից խուսափելու մեջ:

«Նա պայքարեց, քանի որ հավատում է արդարադատության համակարգին, բայց նաև հավատում է, որ քաղաքականությունն իր ազդեցությունը թողեց գործընթացի վրա և հանգեցրեց դատական սխալին»,- ասում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը:

Այս տարվա սկզբին Բայդենը խոստացել էր ներում չշնորհել որդուն՝ նշելով, թե ԱՄՆ-ում ոչ ոք օրենքից վեր չէ։

«Ասացի, որ ենթարկվում եմ ժյուրիի որոշմանը։ Այդպես էլ կանեմ։ Ներում չեմ շնորհի նրան»,- ասել էր Ջո Բայդենը:

Երեքշաբթի Սենատի բարձրաստիճան դեմոկրատ անդամը հրաժարվեց պատասխանել Բայդենի որոշմանը վերաբերող հարցերին:

Հանթեր Բայդենի օտարերկրյա գործարքները Ներկայացուցիչների տան հանրապետականների հետաքննության ներքո էին, որոնք պնդում էին, թե իրենց բացահայտումները թույլ են տալիս իմփիչմենթի ենթարկել նախագահ Ջո Բայդենին, թեև այդպես էլ համոզիչ ապացույցներ չներկայացրեցին:

Հանթեր Բայդենի փաստաբան Մարկ Գերագոսն ասում է, որ ներումն ուղղակի անհրաժեշտ էր։

«Չգիտեմ, թե ով կարող է լուրջ դեմքով պնդել, որ դա քաղաքական ազդեցությունից դուրս [դատական] հետապնդում չէր»,- ասում է Մարկ Գերագոսը:

Բայդենը ԱՄՆ առաջին նախագահը չէ, ով ներում է շնորհել իր ազգականին, բայց դիտորդները չեն թաքցնում իրենց մտահոգությունը:

«Շատ ցավալի է, որ նա չկարողացավ օրինակ ծառայել՝ թույլ տալով, որ արդարադատությունը ընթանա իր հունով։ Նա ճիշտ համարեց նման՝ քաղաքականացված քայլ կատարելը և ներում շնորհելը, և դա մեզ հետ է գցում կամ գոնե ամրապնդում է ճանապարհը, թե նման կերպ կարելի է օգտագործել [նախագահական] ներման հնարավորությունը»,- ասում է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Քլեր Ֆինքելշտեյնը:

Իր նախագահության օրոք Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 237 անձի, որոնցից զգալի մասը դատապարտվել էր խարդախության կամ կոռուպցիայի համար: Ընդ որում, նրանցից շատերը շրջանցել էին ներման խնդրանքով դիմելու ավանդական գործընթացը։

«Եկեք չմոռանանք, որ Դոնալդ Թրամփը նախկինում ասել է, թե ինքն իրեն ներում շնորհելու իրավունք ունի, ինչը հանդիսանում է նման՝ քաղաքական պատճառներով արվող ներումների գագաթնակետը»,- հավելում է Ֆինքելշտեյնը:

Թրամփը նաև խոստացել է ներում շնորհել նրանց, ովքեր դատապարտվել են 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակվելու համար՝ փորձելով տապալել 2020 թվականի ընտրությունների արդյունքների հաստատումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից:

XS
SM
MD
LG