Կուրսկի շրջանային դատարանը հեռակա կարգով ձերբակալելու որոշում է կայացրել Deutsche Welle-ի թղթակից Նիկոլաս Կոնոլիի վերաբերյալ՝ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով։ Նախկինում նմանատիպ որոշում էր կայացվել CNN-ի թղթակից Նիկ Ուոլշի կապակցությամբ։
Հիշեցնենք՝ այս օգոստոսի 6-ից մեկնարկած ռազմական գործողությունների արդյունքում ուկրաինական ուժերը գրավեցին տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ Սուջա քաղաքը, և վերահսկում էին մոտ մոտ հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Այժմ այդ տարածքի մոտ 50-60%-ն է մնում ուկրաինական վերահսկողության ներքո։
Ռուսական զորքերը չեն նվազեցնում իրենց գրոհների տեմպը, և օրինակ, ըստ բրիտանական հետախուզության, այս նոյեմբերին ռուսական բանակի օրական կորուստները հատել են մոտ 1,500 մարդ սահմանագիծը։
Օրերս ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատեց, որ Ուկրաինայի զինված ուժերը ATACMS մարտավարական նշանակության հրթիռային համակարգեր են կիրառում Կուրսկի մարզում՝ ռուսական բանակին խոցելու համար։
Այս մասին, մասնավորապես, ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում ծավալվող իրադարձությունները նախևառաջ հարկ է դիտարկել հետագա հնարավոր բանակցությունների համատեքստում, և ուկրաինական զինուժի կողմից ռուսական տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանումը կարող է դեր ունենալ բանակցային սեղանի շուրջ։
«Երկու կողմերն էլ ցանկանում են բանակցությունների մեկնարկին ունենալ հնարավորինս ուժեղ դիրքեր։ Ռուսական բանակը, անկախ կորուստներից, ձգտում է ամեն գնով դուրս մղել ուկրաինական զինված ուժերին Կուրսկի մարզից: Ուկրաինական կողմը այնտեղ տևական պաշտպանության համար կառույցներ չունի, իսկ ցուրտ եղանակի սկսվելուն պես նրանք կհայտնվեն ծանր պայմաններում: Կարծում եմ՝ հաջորդ մեկուկես ամսվա ընթացքում իրավիճակը [ուկրաինական կողմի համար] կբերի Սուջայի և նրա շրջակա տարածքի կորստին»,- «Ամերիկայի ձայնին» ասում է ուկրաինական «Երրորդ սեկտոր» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Զոլոտարևը։
Այս ամենի ֆոնին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մոսկվայի հետ բանակցությունների մեկնարկը պայմանավորում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմամբ:
Զոլոտարևի գնահատմամբ՝ Կուրսկում ժամանակը աշխատում է Ուկրաինայի դեմ՝ ընդգծելով, որ Թրամփի երդմնակալությանը նախորդած շրջանում ռուսական զորքերը փորձելու են զավթել Դոնբասի և Զապորոժիեի մարզերի հնարավորինս շատ տարածքներ: Եթե նույնիսկ նրանց չհաջողվի դուրս մղել ուկրաինական զինուժին Կուրսկի մարզից, այն խնդրահարույց կլինի Կրեմլի համար, բայց չի ունենա ռազմավարական նշանակության:
Ըստ փորձագետի՝ իրենց դերը կունենան եղանակային պայմանները, և եթե ձմեռը խիստ չլինի, ուկրաինական զինված ուժերը հնարավորություն կունենան պահպանել Կուրսկի մարզի տարածքի մի մասը մինչև հունվարի վերջ, բայց սաստիկ ցուրտը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ՝ հատկապես հաշվի առնելով, որ ռուսական բանակը շարունակաբար խոցում է ուկրաիանական կողմի համար նախատեսված մատակարարումների ուղիները:
Զոլոտարևի կարծիքով, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցություններ առաջարկի, որին, իրականում, ձգտում է նաև Պուտինը, ապա խոչընդոտող լուրջ հանգամանքներ չկան։ Ճիշտ է՝ Մոսկվայում բազմիցս նշել են, թե բանակցություններն անհնար են, քանի դեռ ուկրաինական զորքերը Կուրսկի մարզում են, սակայն Կրեմլը կսկսի բանակցել Վաշինգտոնի հետ:
Իսրայելցի ռազմական փորձագետ Դևիդ Շարփի համոզմամբ՝ Ռուսաստանի համար Կուրսկում իր տարածքները վերադարձնելը կարևոր է՝ անկախ Թրամփի առաջիկա նախագահությունից, սակայն այդ նպատակը Կրեմլի համար գերակա չէ:
«Ռուսաստանը համոզված է, որ վաղ թե ուշ կհասնի իր նպատակին և շտապելու կարիք չկա: Կրեմլը խաղադրույք է կատարել Դոնեցկի մարզում հաջողության վրա: Կուրսկի մարզում ռուսական զինուժի մարտավարությունը՝ պատերազմել՝ անտեսելով կորուստները, նրանց սովորական մարտավարությունն է»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Շարփը։
Փորձագետները հիշեցնում են՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը դեռ մեկուկես ամիս կա, և իրավիճակը ճակատներում կարող է էական փոփոխությունների ենթարկվել: Ուկրաինացի որոշ ռազմական վերլուծաբաններ Կուրսկի գործողությունը համարում են անտեղի, չնայած առկա են նաև հակառակ կարծիքներ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի անդամ-երկրներին սակավ ժամանակ հատկացնել հնարավոր բանակցային գործընթացի մանրամասներին և ավելի շատ ջանքեր գործադրել Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար, որպեսզի Ուկրաինան կարողանա բանակցություններ վարել ուժի դիրքերից: