Դիտորդների խոսքով՝ Մոսկվայում սպասում են Դոնալդ Թրամփի երդմնակալությանը՝ Ուկրաինայի և արևմտյան տերությունների հետ ռազմական հակամարտության սրման ֆոնին, որը նշանավորվեց ուկրաինական կողմի դեմ միջուկային մարտագլխիկ կրելու ունակ ռուսական բալիստիկ հրթիռի արձակմամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս արված հայտարարությունը, թե Մոսկվան միջուկային մարտագլխիկ կրելու ունակ գերձայնային հրթիռով հարվածել է Ուկրաինային, հարցեր առաջացրեց, թե որ ուղղությամբ է ընթանում ուկրաինական պատերազմը՝ Վաշինգտոնում իշխանության փոխանցումից շաբաթներ առաջ:
Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ Սերգեյ Կարակաևը ներկայացրել է արձակված և Կրեմլի պնդմամբ նոր հրթիռի հնարավորությունները․ «Եթե հաշվի առնենք [հնարավոր] առաջադրանքները և այս զենքի հեռահարությունը, կարող ենք ասել, որ այն կարող է հասնել իր թիրախներին ողջ Եվրոպայում»:
Պուտինի խոսքով՝ ռուսական նման հրթիռի արձակումը պատասխանն էր Բայդենի վարչակազմի թույլտվությանը, ըստ որի Ուկրաինան իրավունք ստացավ ԱՄՆ մատակարարած հրթիռներով խոցել Ռուսաստանի խորքերը: Կրեմլի ղեկավարի ներկայացմամբ՝ ռուսական նոր հրթիռի արձակումը նպատակ ունի ցույց տալ, որ Ռուսաստանը կարող է շատ հեռուն հարվածել՝ ՆԱՏՕ-ի տարածքի խորքին, եթե ցանկանա:
Ըստ դիտորդների՝ հրթիռային հարձակումները և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի ռազմավարության մասն են՝ սպասվող բանակցություններից առաջ ուժ ցույց տալ:
Կրեմլը մեղադրում է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենին, թե ներկայիս Սպիտակ տունը սաբոտաժի է ենթարկում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ արագ վերջ դնել ուկրաինական պատերազմին։
«Իհարկե, 2016 թվականին Թրամփի առաջին շաբաթները Սպիտակ տանը՝ Ռուսաստանի հետ նորմալ երկխոսության ծրագրերի առումով, մեծապես տուժեցին։ Չեմ բացառում, որ իրավիճակը վատթարացնելու ցանկության ականտեսն ենք»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Սակայն Վաշինգտոնում շատերը կարծում են, որ Ռուսաստանը շահագրգռված չէ դադարեցնել պատերազմը, և կապ չունի Սպիտակ տանը կլինի Դոնալդ Թրա՞մփը, թե՞ այլ մարդ:
«Այս պատերազմն արդեն նոր նորմա է դարձել ռուսական վերնախավի համար, որը ցանկանում է, որ այն շարունակվի, քանի որ այն հանգեցնում է տնտեսական աճի։ Իսկ եթե դադարի, ի՞նչ է լինելու, ո՞ւր են գնալու այն մարդիկ, որոնք հիմա ղեկավարում են [երկիրը]»,- ասում է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Վլադիսլավ Ինոզեմցևը։
Մոսկվայում գտնվող Լևադա կենտրոնի վերջերս անցկացված սոցհարցման համաձայն՝ ռուսաստանյան հանրային կարծիքն աստիճանաբար հակվում է ուկրաինական պատերազմին վերջ տվող բանակցությունների օգտին:
Զուգահեռաբար՝ Ուկրաինայում Gallup-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ ուկրաինացիների 52%-ը կողմ է բանակցություններին:
Եթե երկու կողմերում նման պատկերը պահպանվի, ապա, կարելի է ասել, որ դաշտը բաց է Թրամփի համար՝ առաջ մղել իր ծրագիրը և դրդել Մոսկվային ու Կիևին հասնել զինադադարի: