Մատչելի հղումներ

«Միջուկային զենքի կիրառումը նրանց օգուտ չի բերի». ամերիկացի փորձագետները Մոսկվայի միջուկային շանտաժի մասին


Կրեմլ, Մոսկվա, հոկտեմբերի 22, 2024թ․։
Կրեմլ, Մոսկվա, հոկտեմբերի 22, 2024թ․։

Նոյեմբերի 21-ին Ռուսաստանը հարված հասցրեց ուկրաինական Դնիպրո քաղաքին միջին հեռահարության բալիստիկ հրթիռով։

Նշվածն առաջին դեպքն է, երբ նման տեսակի զենքը, որը նախատեսված է միջուկային լիցք կրելու համար, կիրառվում է մարտական գործողություններում՝ իր տեսաուղերձում նշել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի օդուժի տարածած տեղեկատվության համաձայն՝ հրթիռն արձակվել է Ռուսաստանի Աստրախանի մարզից։ Բացի այդ, ռուսական զորքերը արձակել են աերոբալիստիկ հրթիռներ և մի քանի թևավոր հրթիռներ։

Ըստ Ուկրաինայի օդուժի Telegram-յան ալիքի՝ հրթիռների մի մասը ոչնչացվել է։

«Միջուկային զենքի կիրառումը նրանց օգուտ չի բերի». փորձագետները Մոսկվայի միջուկային շանտաժի մասին
please wait

No media source currently available

0:00 0:06:08 0:00

Ռուսաստանի ռազմական ակտիվությունը նախորդ օրերին աճել է, այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ Ուկրաինան օգտագործել է արևմտյան արտադրության հեռահար ATACMS և Storm Shadow հրթիռներ Ռուսաստանի Բրյանսկի և Կուրսկի մարզերին հարվածներ հասցնելու համար։

Վլադիմիր Պուտինը արձագանքեց՝ փոփոխություններ կատարելով Ռուսաստանի միջուկային հայեցակարգում՝ ընդլայնելով Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառման սահմանները, և այս համատեքստում, կրկնենք, որ Ուկրաինայի դեմ կիրառված հրթիռը կարող է կրել միջուկային մարտագլխիկ։

Արդյո՞ք հավանական է միջուկային հակամարտությունը և ինչպե՞ս պետք է գործեն Ուկրաինային աջակցող արևմտյան երկրները նոր իրավիճակում՝ «Ամերիկայի ձայնի» ուկրաինական ծառայության թղթակից Անդրեյ Բորիսը այս հարցերը քննարկել է Վաշինգտոնում գործող միջուկային հարցերով փորձագետների հետ։

Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը խոսում է Ուկրաինային միջին հեռահարության բալիստիկ հրթիռով հարվածելու մասին։ Մոսկվա, նոյեմբերի 21, 2024թ․։
Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը խոսում է Ուկրաինային միջին հեռահարության բալիստիկ հրթիռով հարվածելու մասին։ Մոսկվա, նոյեմբերի 21, 2024թ․։


Ռուսաստանի միջուկային ուժերի մարտական պատրաստության վիճակը

Ռուսաստանի միջուկային ուժերի մարտական պատրաստության մոնիթորինգը առաջնահերթություն է ամերիկյան հետախուզության համար՝ ասում է միջուկային զենքի գծով վերլուծաբան և Բիլ Քլինթոնի վարչակազմում գիտական խորհրդական Մեթյու Բաննը։

«Մեր ունեցած տվյալներով՝ նրանք գտնվում են մարտական պատրաստության վիճակում։ Ամերիկայի կողմից հիմարություն կլիներ չհավատալ, որ Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք, եթե որոշի այդ անել»,- նշել է Բաննը։


Ի՞նչ պայմաններում Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք

Մեթյու Բաննը նշում է, որ նախորդ անգամ, երբ ԱՄՆ հետախուզությունը լրջորեն քննարկում էր Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման վտանգը Ուկրաինայի դեմ, 2022 թվականի վերջում էր՝ Խարկովի և Խերսոնի մարզերում ուկրաինական զինված ուժերի հաջող հակահարձակման ժամանակ։

«Կա կարծիք, որ եթե Ուկրաինան հասնի այնպիսի հաջողության, որը Ղրիմին լուրջ սպառնալիք կստեղծի, հավանականությունը կարող է լինել 50/50։ Այդ պայմաններում Ռուսաստանը կարող է դիտարկել միջուկային զենքի կիրառումը»,- ասել է փորձագետը։

Վաշինգտոնում տեղակայված Սպառազինության վերահսկման և չտարածման կենտրոնի քաղաքականության գծով ավագ տնօրեն Ջոն Էրաթը կարծում է, որ քիչ հավանական է, թե Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի։ Նախորդ երկու տարիներին բազմաթիվ «կարմիր գծեր» են հատվել՝ հիշեցրել է նա։

«Նախորդ երկու տարիներին ականատես ենք եղել միջուկային զենքի կիրառման ուղղակի և անուղղակի սպառնալիքների։ Խոսքը վերաբերում էր Ուկրաինա տանկերի, Bradley մարտական մեքենաների, լրացուցիչ Patriot համակարգերի և F-16 կործանիչների առաքմանը։ Այս անգամ միջուկային զենքի կիրառման քաղաքականության փոփոխություն է կատարվել փաստաթղթով։ Սա լրացուցիչ քայլ է, որը նախկինում չէր եղել, բայց այն Ռուսաստանի նախորդ արձագանքների տրամաբանության ներքո է»,- նշել է Էրաթը։

Փորձագետը ընդգծում է, որ Ռուսաստանն օգտագործում է իր ունեցած բոլոր զենքերը Ուկրաինայի դեմ պատերազմում՝ առանց որևէ «կարմիր գծերի» կամ պայմանների։ Հետևաբար, պատճառը, թե ինչու դեռ չի կիրառվել միջուկային զենք, կապված չէ բարոյական սահմանափակումների հետ։

«Փաստորեն, նրանց համար գոյություն չունի որևէ բարոյական սահմանափակում Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հարցում։ Բայց, այնուամենայնիվ, նրանք չեն համարձակվել կիրառել այն։ Նշանակում է, որ այդ զենքը նրանց կարծիքով օգտակար չի լինի»,- նշել է Էրաթը։


Նպատակը՝ Արևմուտքի օգնությունն Ուկրաինային դադարեցնելն է

Նախորդ երկու տարիներին Ռուսաստանը բազմիցս է սպառնացել կիրառել միջուկային զենք։ Փորձագետների խոսքով՝ այդ սպառնալիքների նպատակը Արևմուտքին և Ուկրաինային վախեցնելն է։

«Ռուսաստանի քաղաքականությունը հետևողական փորձերի մեջ է՝ ստիպել երկրներին դադարեցնել աջակցությունն Ուկրաինային, ապացուցել, որ Ուկրաինան չի կարող հաղթել պատերազմում, և որ Ռուսաստանին պետք է թույլ տալ թելադրել զինադադարի պայմանները»,- շարունակել է Ջոն Էրաթը։

Վաշինգտոնում գործող Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի անվտանգության գծով փորձագետ Ջոն Հարդին համոզմունք է հայտնել, որ Արևմուտքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային բոլոր անհրաժեշտ միջոցներով։

«Կարծում եմ, որ պետք է աջակցենք Ուկրաինային՝ Ռուսաստանում գտնվող այլ թիրախներին հարվածներ հասցնելու հարցում, այդ թվում՝ ավելի շատ հրթիռներ տրամադրելով։ Դրա համար կարող ենք տարբեր քայլեր ձեռնարկել, ինչպիսիք են JASSM հրթիռների տրամադրումը կամ ATACMS հրթիռների արտահանումը Ուկրաինա ավելացնելը»,- ասել է Հարդին։

Միաժամանակ, ըստ Մեթյու Բաննի, միջուկային պատերազմի ռիսկը այսօր ամենաբարձրն է 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից ի վեր, երբ ԽՍՀՄ-ն միջուկային հրթիռներ տեղակայեց Կուբայում։

«Ներկայում քիչ բան է արվում այս վտանգները նվազեցնելու համար, բացի զսպումից, զսպումից և զսպումից։ Միայն զսպումը առանց դիվանագիտության վտանգավոր է...»,- նշել է վերլուծաբանը։

Ջոն Էրաթը հիշեցրել է, որ ժամանակին ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն կարողացան միջուկային հրթիռների քանակը կրճատել 80%-ով։

«Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ ու Խորհրդային Միության կառավարությունները պնդում էին, թե Երրորդ աշխարհամարտը կանխելու համար անհրաժեշտ է մոտ 70,000-80,000 միջուկային զենքի միավոր։ Ժամանակի ընթացքում հասկացանք, որ այդ թիվը շատ բարձր է, և տեղի ունեցավ նվազեցում։ Այժմ աշխարհում մնացել է մոտ 15,000 նման զենքի միավոր»,- նշել է փորձագետը։

Ընդգծում է՝ ներկայում հնարավոր չէ խոսել հետագա կրճատումների մասին՝ հաշվի առնելով միջազգային լարված իրավիճակը։ Ավելին, առկա է միջուկային ուժերի նոր ընդլայնման սպառնալիք՝ կապված այն հանգամանքի հետ, որ 2026 թվականին լռանում է ԱՄՆ ու Ռուսաստանի միջև ռազմավարական հարձակողական զինատեսակների հետագա կրճատման և սահմանափակման մասին պայմանագրի գործողության ժամկետը, ինչը միջուկային զինատեսակների կրճատման վերջին գործող պայմանագիրն է։

XS
SM
MD
LG