Հիսուներեքամյա Մարկո Ռուբիոն աշխատանքային խավին պատկանող կուբացի ներգաղթյալների ընթանիքից է: Եթե նրա թեկնածությունը հաստատվի իր սենատոր գործընկերների կողմից, նա կդառնա առաջին լատինամերիկացի պետքարտուղարը:
Ռուբիոն ցուցաբերել է կոշտ դիրքորոշում Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի ավտորիտար ռեժիմների, ինչպես նաև Չինաստանի հարցում:
«Կարող եք նրան «բազե» անվանել, և դա վերաբերում է մի շարք հարցերին, մասնավորապես՝ Չինաստանի հետ հարաբերությւոններին»,- ասում է Բրուքինգսի ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Օ’Հանլոնը:
Ռուբիոն հայտարարել է, որ Չինաստանը համագործակցում է Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի:
Ռուսաստանի 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Ռուբիոն ակտիվորեն աջակցել է Կիևին: Ավելի վերջերս նա կոչ է արել բանակցություններ սկսել՝ հակամարտությունը դադարեցնելու համար և ապրիլին դեմ է քվեարկել 95 միլիարդ դոլար ռազմական օգնության փաթեթին:
«Ես կարծում եմ, որ մեր նպատակը Ուկրաինայի հարցում պետք է լինի նրանց օգնել այնպես, որ դա չվնասի մեզ, չվնասի մեր դաշնակիցներին ամբողջ աշխարհում»,- ասել է սենատոր Ռուբիոն:
Ըստ Օ’Հանլոնի՝ Ռուբիոյի գործընկեր սենատորները, ովքեր քվեարկելու են նրա հաստատման հարցով, կուսումնասիրեն նրա մոտեցումները ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ:
«Անշուշտ, եթե մենք Ուկրաինան լքենք՝ չնայած Ռուբիոն չի ասում, որ պետք է անենք դա, բայց եթե տեսնենք Ուկրաինայի պարտությունը, դա հարցականի տակ կդնի բազմաթիվ [ամերիկյան] դաշնակիցների վստահությունը մեր աջակցության հարցում, թե արդյո՞ք մենք իսկապես նրանց կողքին կլինենք»,- պնդում է Օ’Հանլոնը:
Ութ տարի առաջ Ռուբիոն Դոնալդ Թրամփի մրցակիցներից մեկն էր հանրապետականների նախագահական նախնական ընտրություններում: Որպես պետքարտուղար՝ նա կդառնա Թրամփի՝ «Ամերիկան առաջնային է» արտաքին քաղաքականությունը իրականացնող հիմնական դիվանագետը:
«Անկախ ակնկալիքներից, մենք պետք է իրատես լինենք: Միացյալ Նահանգները առաջնահերթություն է տալու իր շահերին՝ աշխարհի մնացած շահերի նկատմամբ»,- նշում է Մայամի-Դեյդ քոլեջի ներկայացուցիչ Վիլմա Պետրաշը:
Մերձավոր Արևելքի հարցում Ռուբիոն եղել է Իսրայելի ուժեղ աջակիցը, ինչը համապատասխանում է Թրամփի դիրքորոշմանը: Որպես սենատոր՝ Ռուբիոն կոչ է արել Իսրայելին ոչնչացնել «Համասը» Գազայում՝ ընդդիմանալով հրադադարներին, որոնք, նրա խոսքերով, թույլ կտային ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Համասին» վերախմբավորվել:
Նյութը պատրաստվել է Սթիվ Հերմանի հոդվածի հիման վրա