Թրամփի առաջին նախագահության օրոք Քելլոգը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարն էր և Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
«Միասին խաղաղություն կապահովենք ուժի միջոցով, և Ամերիկան ու աշխարհը կրկին ապահով կդարձնենք»,- հյատարարել է Թրամփը:
Այս հուլիսին Քելլոգը «Ամերիկայի ձայնին» փոխանցել էր, թե պետք է ձգտել դադարեցնել ուկրաինական պատերազմը: Այն ժամանակ նա ասել էր, որ դեռ չի ներկայացրել իր ծրագիրը Թրամփին:
Քելլոգն առաջարկում է, որպեսզի Վաշինգտոնը ջանքեր գործադրի բանակցային ճանապարհով վերջ դնելու ուկրաինական պատերազմին:
«Ժամանակի ընթացքում բոլոր հակամարտությունները ավարտվում են բանակցություններով: Հարցն այն է՝ ինչպես այդ անել», - ասել է Քիթ Քելլոգը:
Ըստ տեղեկությունների՝ Թրամփի նոր վարչակազմը պատրաստ է շարունակել Ուկրաինայի ցուցաբերվող ռազմական աջակցությունը, եթե Կիևը համաձայնվի Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն:
Քելլոգի առաջարկած մոտեցումը հետևյալն է՝ Ուկրաինայի համար հետաձգվում է անդամակցությունը ՆԱՏՕ-ին, փոխարենը՝ Կիևը ստանում է անվտանգության երաշխիքներ: ԱՄՆ ապագա բանագնացը նաև առաջարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասնակի վերացում՝ խրախուսելու Կրեմլին քայլեր ձեռնարկել խաղաղությանն ընդառաջ:
Ըստ Քիթ Քելլոգի՝ Ուկրաինան չպետք է հրաժարվի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ծրագրերից, սակայն պետք է գործի միայն դիվանագիտական ճանապարհով և ընդունի, որ իր տարածքային ամոբղջականության վերականգնումը կարող է տևական գործընթաց լինել:
«Դուք կա՛մ պետք է ճանապարհ գտնեք պատերազմը դադարեցնելու համար, կա՛մ ցանկանում եք, որ այն շարունակվի անորոշ ժամանակով»,- ասել է Քելլոգը: