Ուկրաինա ռուսական բանակի լայնածավալ ներխուժումից հետո ռազմաճակատում սպանվել է ավելի քան 80 հազար ռուսաստանցի զինծառայող։ Նրանց ինքնությունը պարզվել է BBC-ի ռուսական ծառայության, Mediazona-ի և կամավորների թիմի համատեղ ջանքերի շնորհիվ՝ բաց աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա (ներառյալ` զոհերի հարազատների սոցցանցերում արված գրառումներից, պաշտոնական հաղորդագրություններից, այլ հրապարակումներից):
Ուկրաինական ռազմաճակատներում զոհված ռուսաստանցի զինվորականների կեսից ավելին պատերազմի մեկնարկին որևէ առնչություն չունեին բանակի հետ՝ նշում են հետաքննող լրագրողները, որոնց պնդմամբ՝ ռուսաստանցի զինծառայողների շրջանում պահպանվում է մահացության բարձր մակարադակը, և շատերը զոհվում են ռազմաճակատ մեկնելուց երկուսից չորս շաբաթ անց:
Ընդ որում, նման զոհերի մասին բազմաթիվ մահախոսականների ժամանակ հրապարակվում են նրանց լուսանկարները քաղաքացիական հագուստով։
Նման ֆոնին՝ նվազում է նկատվում ռազմի դաշտում զոհված դատապարտյալների շրջանում, որոնց մասնաբաժինը 2023 թվականի նոյեմբերին գրանցված ընդհանուր կորուստների 26%-ից իջել է 18%-ի։ Հետաքննող լրագրողների ներկայացմամբ՝ դատապարտվածներից կազմված ստորաբաժանումները շարունակում են գտնվել առաջնագծում՝ իրենց վրա կրելով մարտական ծանրաբեռնվածության զգալի մասը։
Ռուսաստանի տարածաշրջանների շարքում հաստատված կորուստների քանակով առաջին տեղերում են Սվերդլովսկի մարզը, Թաթարստանը և Բաշկորտոստանը։ Թե ինչու է Սվերդլովսկը հայտնվել առաջին հորիզոնականում հիմնական պատճառը այդ մարզի կալանավայրերից ռազմաճակատ մեկնածների զգալի թիվն է, բացի այդ մարզում կան բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որտեղից ավելի հեշտ է զորահավաք իրականացնել։
2024 թվականին ամենաշատ կորուստներ ունեցած ռուսաստանյան մարզերից հաջորդը Թաթարստանն է։ Հետաքննող լրագրողների խոսքով՝ բարձր թվի պատճառը զոհերին պարզելու նպատակով գործող տեղի կամավորների լավ աշխատանքն է, որոնք կարողացել են ի հայտ բերել ուկրաինական ռազմաճակատում ընկածների տվյալները, և այդ տվյալները կարող են մոտ լինել պատերազմում հանրապետությունից զոհվածների իրական թվին։
Նորություն չէ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ չի հրապարակում Ուկրաինայի հետ պատերազմում զոհված ռուսաստանցի զինծառայողների, կամավորների և կալանավորների թվի վերաբերյալ։ Վերջին անգամ գերատեսչությունը հայտնել է անձնակազմի կորուստների ընդհանուր թիվը 2022 թվականի սեպտեմբերին՝ նշելով, թե իբր զոհվել են 5,937 ռտուսաստանցի զինծառայողներ: