Անցած տարվա օգոստոսին, երբ ռուսաստանցի օլիգարխ Եվգենի Պրիգոժինն իր մահկանացուն կնքեց ավիավթարի հետևանքով, նրա ստեղծած «Վագներ» ռազմական խմբավորման համար, կարծես, սկսվեց նոր ժամանակաշրջան։
Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի կարևորը մասը լինելուց զատ, խմբավորումը նշանակալի դեր է խաղացել Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում ընթացող հակամարտություններում, և «Վագների» օգնությամբ Կրեմլը սկսեց տարածել իր ազդեցությունը այն տարածաշրջաններում, որոնք ավանդաբար դուրս էին նրա ազդեցության գոտուց:
2023 թվականի հունիսին Ռուսաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարարին և զինուժի գլխավոր շտաբի պետին մեղադրելով Ուկրաինայի դեմ ոչ կոմպետենտ պատերազմ մղելու մեջ՝ Պրիգոժինը զինված ապստամբություն բարձրացրեց։ Նրա զինյալները գրավեցին Դոնի Ռոստովը և շարժվեցին դեպի Մոսկվա։ Պրիգոժինի շարասյուներին հաջողվեց կանգնեցնել Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո։
Ժամանակակից Ռուսաստանի համար այդ աննախադեպ իրադարձությունից հետո քչերին զարմացրեց Պրիգոժինի և նրա մոտ կանգնած անձանց առեղծվածային մահը՝ ինքնաթիռի կործանումը, որով նրանք թռչում էին։
Դիտորդների մի մասն այդ ժամանակ ենթադրեց, թե Պրիգոժինի մահը կհանգեցնի «Վագների» փլուզումը, սակայն ավելի քան մեկ տարի անց էլ խմբավորումը գործում է։
Եվ այսպես, «Վագները» շարունակում է իր գործունեությունը Աֆրիկայում, մասնավորապես՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Մալիում: Նիգերում, կարելի է ասել, խմբավորման տեղը զբաղեցրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն ուղղակիորեն ենթակա, այսպես կոչված, Աֆրիկայի կորպուսը:
Ի՞նչ է տեղի ունեում «Վագների» հետ
««Վագների» ստեղծման ճշգրիտ ժամանակահատվածը բարդ է որոշել»,- նշում է անկախ վերլուծաբան Ջեք Մարգոլինը, ով վերջերս լույս ընծայեց ««Վագներ» խմբավորումը. ռուսական վարձկանների բանակի ներսում» գիրքը:
Մարգոլինը հիշեցնում է՝ «Վագների» համահիմնադիր Դմիտրի Ուտկինը ծառայել է Ռուսաստանի ռազմական հետախոզության հատուկ նշանակության ջոկատում, և մոտ 2014 թվականին նա ու Պրիգոժինը ստեղծեցին կազմակերպության նախնական տարբերակը:
2014 թվականին «Վագները» մասնակցել է Ղրիմի գրավմանը, տեղակայվել ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում և հենց այդ ժամանակ էլ սկսեցին ի հայտ գալ առաջին ապացույցները, որ Վագները համագործակցում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ:
Սակայն, թե իրականում ինչ դեր է ունեցել Կրեմլը «Վագների» ստեղծման, նրա կռավարման գործում, կարծիքները տարբերվում են:
Ուկրաինական «Ողջ վերադարձիր» հիմնադրամի ռուսագիտության ծրագրերի ղեկավար Մարիա Կուչերենկոն կարծում է, որ Պրիգոժինի մահվանից հետո էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, քանի որ «Վագները» ստեղծվել է ռուսական ռազմական հետախուզության կողմից և շարունակում է մնալ նրա վերահսկողության ներքո:
Կուչերենկոն հիշեցնում է՝ 2022-2023 թվականներին ուկրաիանական ճակատներում «Վագները» լիովին վայելում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության աջակցությունը, և, իհարկե, հանրահայտ է 2023 թվականի մայիսին հրապարակված Պրիգոժինի հայտնի տեսաուղերձը՝ ուղղված պաշտպանության նախարար Շոյգուին և գլխավոր շտաբի պետ Գերասիմովին, որով «Վագների» հիմնադիրը օգնություն էր պահանջում նրանցից։
Ըստ Կուչերենկոյի՝ փոխվել են միայն «Վագները» փաստացի ղեկավարող ռուսական ռազմական հետախուզության գեներալների անունները, սակայն կառույցի էությունը մնացել է անփոփոխ:
Ջեք Մարգոլինը հավելում է, թե խմբավորումն, անշուշտ, սերտորեն համագործակցել է ռուսական ռազմական հետախոզության հետ, սակայն միևնույն ժամանակ օգտվել է գործողությունների որոշակի ազատությունից:
«Վագներականները գործել են ռազմական հետախուզության նպատակներին համապատասխան՝ իրենց քայլերը համաձայնեցնելով հետախուզության հետ։ Արտասահմանում առաքելությունների ժամանակ նրանց լոգիստիկ աջակցությունը ապահովվել է [Ռուսաստանի] պաշտպանության նախարարության միջոցով: Միաժամանակ, նրանք յուրաքանչյուր երկրում որոշակի ինքնուրույնություն են ունեցել՝ ընտրելով իրենց գործողությունների ռազմավարությունը»,- նշում է Մարգոլինը:
Վերլուծաբան Ջոն Լեչները, ում «Մահը մեր գործն է. ռուս վարձկաններն ու մասնավոր պատերազմի նոր դարաշրջանը» գիրքը շուտով լույս կընծայվի, կարծում է, որ Պրիգոժինի ղեկավարած տարբեր կառույցների և ռուսական պետության միջև կապը պայմանավորված է եղել տարբեր քաղաքական հանգամանքներով և գործողությունների դաշտով: Օրինակ, «Վագները» սերտորեն համագործակցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ Ուկրաինայում ու Սիրիայում, սակայն ենթասահարյան Աֆրիկայում, որտեղ Ռուսաստանի ներկայությունը սահմանափակ էր, Պրիգոժինը և «Վագները» գործել են ավելի ինքնուրույն՝ փաստորեն, որոշելով Ռուսաստանի ազգային շահերի շրջանակը:
Ո՞ւր է շարժվում «Վագները»
Թեև Եվգենի Պրիգոժինի մահից հետո զգալի փոփոխություններ են տեղի ունեցել «Վագների» կառուցվածքում, դիտորդների զգալի մասն այն կարծիքին է, որ առաջիկայում խմբավորումը դժվար թե անհետանա:
BBC-ի ռուսական ծառայության թղթակից Իլյա Բարաբանովը և լրագրող Դենիս Կորոտկովը հրատարակել են «Մեր բիզնեսը մահն է. «Վագների» ու նրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ամբողջական պատմությունը» գիրքը:
Բարաբանովի գնահատմամբ՝ Պրիգոժինի մահից հետո «Վագները» դադարել է գոյություն ունենալ որպես մեկ ամբողջական կառույց, և նախորդ մեկուկես տարում Պրիգոժինի կայսրությունը, փաստորեն, մասնատվել է՝ բաժանվելով տարբեր զորամիովորումների և տարրալուծվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ռոսգվարդիայի և չեչենական «Ախմատ» ստորաբաժանման կազմում:
«Իրական» «Վագները» շարունակում է գործել միայն Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Մալիում և Բելառուսում: Սակայն նրա լուծարման ծրագրերը ձգձգվում են, քանի որ Ռուսաստանի իշխանությունները կենտրոնացած են ուկրաինական պատերազմի վրա:
Ի՞նչ ռազմավարություն կարելի է որդեգրել՝ հակազդելու ռուսաստանցի վարձկաններին
Արևմտյան երկրներին շարունակում է անհանգստացնել «Վագների» ու նմանատիպ կազմակերպությունների աճող դերակատարությունը միջազգային ասպարեզում։ Դիտորդների խոսքով՝ հարկ է լրջորեն զբաղվել դիմագրավելու դրանց։
Մարիա Կուչերենկոն առաջարկում է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ուկրաինայի և այլ պետությունների համագործակցություն հաստատել՝ կենտրոնանալով ոչ միայն վարձկանների, այլև նրանց վերահսկող ուժային կառույցների վրա:
«Մենք պետք է նրանց դիտարկենք որպես ռուսական ռազմական հետախուզության ներկայացուցիչներ և համապատասխանաբար գործենք»,- ասում է Կուչերենկոն:
Ջեք Մարգոլինը նշում է՝ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները քիչ արդյունավետ են, քանի որ նման կառույցները հեշտությամբ հարմարվում են, իսկ Ջոն Լեչները ընդգծում է, թե այս հարցում Արևմուտքի հնարավորությունները խիստ սահմանափակ են: Օրինակ, աֆրիկյան երկրները շարունակում են պայմանագրեր կնքել, այսպես կոչված, մասնավոր բանակների հետ՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար, և այս առումով՝ ռուսաստանցի վարձկանները քիչ մրցակիցներ ունեն միջազգային ասպարեզում:
Այդուհանդերձ, առկա է մի էական գործոն, որը կարող է որոշիչ նոր խթան հնդիսանալ ռուսական վարձկան խմբավորումների գործունեության համար, Ուկրաինայի դեմ պատերազմը: Ըստ Իլյա Բարաբանովի, եթե երկարաժամկետ խաղաղություն հաստատվի, Ռուսաստանի կառավարության տրամադրության ներքո կհայտնվեն մեծաթիվ վետերաններ, որոնք պատերազմական փորձ ունեն, և այդ ռեսուրսը կարող է օգտագործվել միջազգային հարթակում: