Մատչելի հղումներ

Պրիգոժինի ապստամբությունից մեկ տարի անց․ փորձագիտական կարծիքներ


«Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժին
«Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժին

Պուտինյան ռեժիմը ցնցած Պրիգոժինի ապստամբությունից մեկ տարի անց էլ ապստամբների իրական դրդապատճառների մասին քիչ բան է հայտնի։

«Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը 2023 թվականի հունիսի 23-ին զինված ապստամբություն բարձրացրեց Կրեմլի դեմ և հայտարարեց դեպի Մոսկվա արշավելու մասին՝ գործողությունն անվանելով «Արդարության երթ»։

Ապստամբությունը լուրջ հարված էր Պուտինին։

Ֆորմալ առումով Պրիգոժինը պահանջում էր այն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի պաշտոնանակությունները, որոնց հետ «Վագների» առաջնորդը հրապարակային կոնֆլիկտի մեջ էր՝ ռուսական բանակի ղեկավարությանը մեղադրելով պահանջված զինամթերքը չմտակարարելու մեջ, ինչի հետևանքով ռուսական զորքը և, մասնավորապես, «Վագների» զինյալները հսկայական մարդկային կորուստներ էին կրում ուկրաինական Բախմուտ քաղաքը գրավելու ժամանակ։

Դիտորդների մի մասի ներկայացմամբ, Պրիգոժինի սպստամբության իրական շարժառիքը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կայացրած որոշումն էր՝ վերահսկողության տակ վերցնել «Վագներ» խմբավորումը։

Ինչևէ, ռազմական գործողություններում թրծված վագներականները կարճ ժամանակում կարողացան վերահսկողության տակ վերցնել ուկրաինական ռազմակաճատից ոչ հեռու գտնվող Դոնի Ռոստով քաղաքը՝ գրավելով ռուսական զինուժի Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Այնուհետև շարժվեցին դեպի Մոսկվա։

Դեպի Կրեմլ արշավանքի ընթացքում վագներականների հակաօդային պաշտպանության ուժերը խոցեցին ռուսական օդուժի մեկ ինքնաթիռ, մի քանի ուղղաթիռներ, ինչի հետևանքով զոհվեցին այդ օդանավերի անձնակազմերի առնվազն մեկ տասնյակ անդամներ:

Պետական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ Պուտինն ապստամբությունն անվանեց «դավաճանություն» ու «թիկունքից հասցված հարված»։

Ապստամբները կանգ առան Մոսկվայից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա: Կուլիսային բանակցությունների արդյունքում, որոնց բովանդակությունը տակավին անհայտ է, փոխզիջում ձեռք բերվեց, և «Վագների» զինյալները հեռացան Բելառուս, որտեղ դաշտային ճամբարներ ստեղծեցին:

Զինված ապստամբության վերաբերյալ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում հարուցված քրեական գործը փակվեց, Պրիգոժինին հետ վերադարձրեցին բռնագրավված միջոցները։

Սակայն ճի՛շտ երկու ամիս անց՝ օգտոսոսի 23-ին Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռը կործանվեց Մոսկվայի մերձակայքում։ Այսօր էլ տարբեր վարկածներ են հնչում, թե ինչն էր ինքնաթիռի կործանման պատճառը՝ օդանավում տեղադրված ռումբի պայթյունից մինչև հրթիռային հարված:

Այդ ժամանակ Սպիտակ տունը հրապարակավ հայտարարեց, թե Կրեմլն է պատասխանատու է Եվգենի Պրիգոժինի մահվան համար։

«Բոլորս գիտենք, որ Կրեմլը սովորություն ունի սպանել իր հակառակորդներին։ Պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»,- 2023 թվականի օգոստոսի 29-ին ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը։

ԱՄՆ-ում ենթադրում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել կազմակերպել Պրիգոժինի սպանությունը:

Արձագանքել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, թե ստույգ տեղեկություն չունի «Վագների» ղեկավարի հետ կատարվածի մասին, սակայն զարմացած չէ տեղի ունեցածից․ «Հստակ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել [Պրիգոժինի հետ]։ Բայց չեմ զարմանում. Ռուսաստանում գրեթե այնպիսի բան չի կատարվում, որի հետևում Պուտինը չլինի»։

Ապստամբությունից հետո Պուտինը հայտարարեց, թե վարձկանների կազմակերպությունն անօրինական էր գործում, բայց նաև հաստատեց, որ այն ֆինանսավորում էր Ռուսաստանի կառավարության կողմից։ Օրինակ, 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մայիս պետական բյուջեից վարձկանների համար ծախսվել է ավելի քան 270 միլիարդ ռուբլի։ Բացի այդ, Եվգենի Պրիգոժինի «Կոնկորդ» հոլդինգը նույն ժամանակահատվածում 80 միլիարդ ռուբլի էր վաստակել՝ բանակին սնունդ մատակարարելով։

Պրիգոժինի ապստամբությունն առաջին հերթին արտացոլում էր ռուսաստանյան կլանների միջև պայքարը, որոնք ձգտում էին պահպանել և ամրապնդել իրենց դիրքերը՝ ասում է ընդդիմադիր քաղաքական գործիչ և խորհրդային ու ռուսական հատուկ ծառայությունների նախկին սպա Գենադի Գուդկովը։

«Պրիխոժինը հրապարակային կոնֆլիկտի մեջ էր երկրի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ, և հանրային կարծիքի համար պայքարում ռազմական գերատեսչությունը տանուլ տվեց։ Պրիգոժինը Ռուսաստանում շատերի համար կուռք էր դարձել։ Հասկանալի է, որ նման իրավիճակն անընդունելի էր Կրեմլի համար, հատկապես՝ պատերազմական պայմաններում։ Պուտինը չցանկացավ կամ չկարողացավ ժամանակին դադարեցնել այդ կոնֆլիյտը։ Նա չմիջամտեց, թողեց, որ այն շարունակվի և, ըստ էության, հրահրեց ապստամբություն»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Գուդկովը։

Ըստ քաղաքական գործչի, այսօր էլ ամբողջոցին հայտնի չէ Պրիգոժինի իրական շարժառիթների մասին․«Շատ բան է վկայում այն մասին, որ ոչ միայն Պրիգոժինի ռազմական կազմակերպությունն է ներգրավված եղել խռովության մեջ, այլև շատ այլ կառույցներ, անգամ Պահպանության դաշնային ծառայությունը, որի գործառույթը բարձաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովումն է։ Տեղի է ունեցել այն, ինչից Պուտինը միշտ փորձում էր խուսափել, և սա ամբողջովին նրա «արժանիքն» է։ Նա ինքն էր ծնել մի հրեշ, որը հետո անհնազանդ ու վտանգավոր դարձավ։ Սա ևս մեկ անգամ խոսում է Պուտինի անհեռատեսության մասին, ով ապավինում էր հանցագործ մտածելակերպով մարդուն, որովհետև նրանք ունեն նմանատիպ մտածելակերպ»։

Գենադի Գուդկովը ընդգծեց, անգամ ձախողված ապստամբությունը բացահայտեց պուտինյան ռեժիմի փտածությունը․ «Պարզվեց՝ Պուտինը լուրջ հենարան չունի երկրում։ Ճգնաժամային իրավիճակում ռեժիմը դրսևորեց արդյունավետ գործելու լիակատար անկարողություն։ Վագներականներն առանց կրակոցի գրավեցին Դոնի Ռոստովը և գրեթե հասան Մոսկվա՝ իրարանցում առաջացնելով իշխանական ճամբարում։ Անվտանգության ուժերն ու Ազգային գվարդիան ցույց տվեցին իրենց անկարողությունը»։

Գուդկովի կարծիքով, ապստամբությունը հնարավոր եղավ մարել բացառապես
Պրիգոժինի «թուլության պատճառով»․ «Նա թույլ տվեց իրեն խաբել, և նրա համար ամեն ինչ տխուր ավարտվեց։ Պուտինը ցինիկաբար վարվեց իր վասալի հետ: Ընդհանուր առմամբ, նրա բախտը բերեց։ Պրիգոժինի ապստամբության կրկնությունն այս կամ այն ձևով դժվար թե հնարավոր լինի: Իշխանությունները, այնուամենայնիվ, իրենց համար որոշակի եզրակացություններ արեցին»։

Այն, որ Պրիգոժինի ապստամբության իրական պատմությունն տակավին անհայտ է, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում համաձայն է նաև սոցիալական հոգեբան Ալեքսեյ Ռոշչինը։

«[Կրեմլի համար] կատարյալ ձախողում էր։ Պատահական չէ, որ [ռուսաստանյան] լրատվամիջոցները ջանասիրաբար շրջանցում են այս թեման»,- ասում է Ռոշչինը։

Ապստամբությունը ի ցույց դրեց պուտինյան ռեժիմի անկայուն վիճակը՝ շարունակեց Ալեքսեյ Ռոշչինը. «Դեպի Մոսկվա վագներականների արշավանքի ժամանակ բնակչությունը որևէ նշան ցույց չտվեց, թե աջակցում է ռեժիմին։ Այն անտարբեր էր տեղի ունեցածի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ապատիա է»:

Սոցիալական հոգեբանի կարծիքով, նման սցենար կարող է կրկնվել ցանկացած պահի. «Մենք չգիտենք, թե ով է ղեկավարելու հաջորդ խռովությունը և որտեղ այն կառաջանա։ Թե ինչը կարող է նոր կայծ առաջացնել, նույնպես դժվար է ասել։ Բայց կասկած չունեմ, որ նման սցենարը միանգամայն իրատեսական է, և անկարգությունները 24 ժամվա ընթացքում կարող են վերածվել համառուսաստանյան ճգնաժամի։ Պրիգոժինի ապստամբության հիմնական դասն այն է, որ թեև ռեժիմը կուռ է թվում, բայց, իրականում, այն կարող է փլուզվել մեր աչքի առջև։ Կա Խորհրդային Միության օրինակը»։

Վաշինգտոնում գործող Խաղաղության ինստիտուտի Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով կենտրոնի ավագ խորհրդական Դոն Ջենսենը «Ամերիկայի ձայնին» փոխանցեց. «Պատմականորեն՝ սկսած 1991 թվականից, [կրեմլյան] ռեժիմին ուղղված սպառնալիքները նույն ավարտն են ունենում: Օրինակ, մոտ 20 տարի առաջ գեներալ Լեբեդի մահը, ով խարիզմատիկ, ազդեցիկ քաղաքական գործիչ էր, ինչ-որ առումով նման էր Պրիգոժինին, և ով այն ժամանակ հնարավոր այլընտրանք էր թվում․ [վախճանվեց ուղղաթիռի կործանումից՝ Պուտինի նախագահության սկզբում]: Տեսանք, թե ինչ եղավ Նավալնիի հետ։ Ակնհայտ է, որ Պուտինը չի ցանկանում մրցակիցներ ունենալ։ [Ապստամբությունից] մեկ տարի անց «Վագներ» խմբավորումը լուծարված է ու մասնատված»:

BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի հետաքննության համաձայն, ուկրաինական պատերազմում զոհվել են ավելի քան 20 հազար վագներականներ, որոնց մեծ մասը նախկին դատապարտյալներ էին։ Ընդհանուր առմամբ, Պրիգոժինն ու նրա համախոհները կարողացել էին Ռուսաստանի անազատության վայրերում հավաքագրել մոտ 50 հազար մարդու, որոնցից շատերը, վերադառնալով պատերազմից, կատարել են ծանր հանցագործություններ։

XS
SM
MD
LG