Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, թե կարող է Սիրիայում նոր, լայնածավալ ռազմական գործողություններ սկսել՝ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։ Գործողությունն ուղղված է լինելու քրդական զինյալների դեմ, որոնց Անկարան մեղադրում է քրդական՝ PKK ապստամբների հետ կապեր ունենալու մեջ, որոնք, ինչպես հայտնի է, պայքարում են Թուրքիայի դեմ։ Անցած ամիս PKK-ն մահաբեր հարձակում իրականացրեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում
Այս հոկտեմբերին PKK խմբավորման կողմից Անկարայում իրականացված մահաբեր հարձակումը դրդեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կրկին խոսել Սիրիայում 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։
Թուրքիան պնդում է, թե Անկարայում տեղ ունեցած հարձակումն իրականացվել է Սիրիայում գործող քրդական խմբավորման՝ YPG-ի կողմից վերահսկվող տարածքից, և տեղի քրդական ուժերը, ըստ Անկարայի, կապված են PKK-ի հետ։
«Երբեմն նրանք օգտագործում են հրետանի և հրթիռային հարձակումներ իրականացնում, ինչի հետևանքով Թուրքիայի տարածքում զոհվել են երկու խաղաղ բնակիչներ։ Նրանք երկու անգամ հարձակվել են Թուրքիայի վրա՝ Սիրիայի տարածքից»,- ասում է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Ջասինը։
YPG-ն հերքում է Անկարայից հնչող մեղադրանքները։
Թուրքիայի ուժերն արդեն իսկ օդային հարվածներ են հասցրել YPG վերահսկողության ներքո գտնվող տարածքներին, սակայն ցամաքային գործողությունը կարող է բախում առաջացնել ամերիկյան ուժերի հետ, որոնք աջակցում են YPG-ին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
Թուրքիան դեմ է ԱՄՆ ներկայությանը, և դիտորդների խոսքով՝ Էրդողանի հնչեցրած սպառնալիքը կարող է նպատակ ունենալ ճնշում գործադրել նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմի նկատմամբ՝ ամերիկյան զորքերը դուրս բերելու համար։
«Նախքան նախագահ Թրամփի պաշտոնավարման սկիզբը, Թուրքիան ցանկանում է ընդգծել, որ շարունակելու է իր պայքարին՝ PKK-YPG-ի դեմ, քանի որ ԱՄՆ աջակցությունը PKK-YPG-ին դարձել է [Անկարայի] թիվ մեկ խնդիրը, ինչը վնասում էր ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին Բայդենի վարչակազմի օրոք»,- նշում է Ստամբուլի Մարմարայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Բիլգեհան Ալագյոզը։
Մյուս կողմից՝ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հայտարարությունը, թե հարկ է անվտանգության հարցերով համագործակցություն սկսել տարածաշրջանում գործող քրդական խմբավորումների հետ, կարծես, նպաստել է Անկարայում մոտեցումների կոշտացմանը։
Այդուհանդերձ, դիտորդները չեն բառացում, որ Էրդողանի հայտարարությունը ընդամենը փորձ է ուժեղացնել իր բանակցային դիրքերը PKK-ի հետ հակամարտության հանգուցալուծման գործում։
«Այն լուրջ լծակ է ընձեռում, բայց չգիտենք՝ արդյո՞ք գոյություն ունի որևէ ճանապարհային քարտեզ՝ թուրք-քրդական հարաբերություններում լարվածությունը թուլացնելու կամ ինչ-որ կերպ նորմալացնելու համար, թե՞ պարզապես փորձնական քայլ է արվում»,- նշում է Վաշինգտոնում գործող Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդընթաշբաշը։
Դիտորդները հավելում են՝ Սիրիայում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն կարող է բախման վտանգ առաջացնել Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք երկուսն էլ աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը։
«Ռուսաստանն ու Իրանը, ցավոք, Թուրքիայի ռազմական գործողությունները որակում են որպես օկուպացիա։ Սա ևս մեկ խնդիր է, որին Թուրքիան բախվում է Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում։ Սակայն Ռուսաստանը զբաղված է իր սեփական մարտահրավերներով, հատկապես՝ ուկրաինական ճգնաժամով»,- ասում է Բիլգեհան Ալագյոզը։
Ինչևէ, կարծես, շատերն են համաձայն, որ Սիրիայում լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելու սպառնալիքը Էրդողանին լծակ է տալիս YPG-ի և Վաշինգտոնի հետ բանակցություններում, և նման կերպ Անկրայաում, թերևս, նպատակ ունեն զիջումներ կորզել։