Մատչելի հղումներ

2024 թվականի ընթացքում Եվրոպայում աճել է ծայրահեղ աջ կուսակցություններին աջակցելու միտումը


2024 թվականին Եվրոպայում ծայրահեղ աջ կուսակցություններին ցուցաբերվող աջակցությունը շարունակել է աճել։ Ըստ վերլուծաբանների՝ այս միտումը պայմանավորված է ներգաղթի, գնաճի և Ուկրաինայում պատերազմի հետ կապված մտահոգություններով։

Եվրախորհրդարանի հունիսյան ընտրությունները ցույց տվեցին մի շարք անդամ պետություններում ծայրահեղ աջ կուսակցություններին ցուցաբերվող աջակցության աճը, թեև կենտրոնամետ կուսակցությունները շարունակում են պահպանել իշխանությունը եվրոպական կառույցներում՝ Բրյուսելում։

Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենաշատ ձայները՝ 31%՝ ընդգծելով, որ նպատակը Ֆրանսիայում իշխանության գալն է։

«Մենք պատրաստ ենք փոխել երկրի ընթացքը, պատրաստ ենք պաշտպանել ֆրանսիացի ժողովրդի շահերը, պատրաստ ենք վերջ դնել զանգվածային ներգաղթին»։

Մինչ այդ՝ նախագահ Էմանյուել Մակրոնը որոշում էր կայացրել լուծարել խորհրդարանը և նախաձեռնել արտահերթ ընտրություններ։

Ձախակողմյան և կենտրոնամետ կուսակցությունները դաշինք կազմեցին, որպեսզի թույլ չտան Լը Պենի կուսակցությանը իշխանության գալ։

Սակայն դեկտեմբերի սկզբին նոր կառավարությունը երկրի խորհրդարանում տանուլ տվեց վստահության քվեն, իսկ օրերս նախագահ Մակրոնը նոր վարչապետ նշանակեց։

Զուգահեռաբար՝ Մարին Լը Պենը բախվել է խնդիրների, քանի որ կոռուպցիայի գործով շարունակվող դատավարությունը կարող է վերջ դնել նրա քաղաքական հավակնություններին։

Գերմանիայում՝ Եվրոպայի ամենահզոր տնտեսությունն ունեցող երկրում, «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրախորհրդարանի ընտրություններում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած սոցիալ-դեմոկրատներին մղելով երրորդ տեղ։

«Մտագոհիչ են աջակողմյան պոպուլիստական կուսակցություններին տրվող քվեները այստեղ և եվրոպական այլ երկրներում։ Մենք երբեք չպետք է համակերպվենք դրա հետ, և մեր խնդիրը միշտ պետք է լինի նրանց հետ մղելը»։

Շոլցի կոչը, սակայն, մատնվեց անուշադրության։ Սեպտեմբերին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը առաջին անգամ հաղթեց նահանգային ընտրություններում՝ Թյուրինգիայում և շատ փոքր տարբերությամբ զբաղեցրեց երկրորդ տեղը Գերմանիայի մեկ այլ նահանգում՝ Սաքսոնիայում։

Վերլուծաբանները նշում են, որ ներգաղթի խնդիրը նրանց հաջողության առանցքային պատճառն է։

«Ինչպե՞ս եք արձագանքում միգրացիայի հետ կապված դժգոհություններին։ Գուցե, նախորդ տարիներին գրանցված գնաճը և թանկացումները նույնպես որոշակի դեր են խաղում։ Սակայն դժգոհության հիմնական պատճառը, թերևս, [ապօրինի] ներգաղթն է»։

Գերմանիայում Շոլցի եռակողմ կոալիցիոն կառավարությունը փլուզվեց այս նոյեմբերին։ Երկրում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ 2025 թվականի փետրվարին։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում, որի բովանդակությունն է՝ կրճատել ներգաղթը և դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսատանի։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն Ուկրաինայում։ Չենք ցանկանում իրականացնել սպառազինության մատակարարումներ։ Մեզ պետք չեն տանկեր ու հրթիռներ»։

Ավստրիայում սեպտեմբերին կայացած ընտրություններում ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը առաջատարն էր՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 28%-ը։ Սակայն մյուս բոլոր կուսակցությունները հրաժարվեցին կոալիցիա կազմել «Ազատություն» կուսակցության հետ՝ դուրս թողնելով նրանց իշխանությունից։

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 2025 թվականին ամբողջ ուշադրությունը սևեռվելու է Ֆրանսիայում և Գերմանիայում քաղաքական տատանողականության վրա, և այս ֆոնին Եվրոպան պատրաստվում է մի քանի շաբաթից՝ հունվարին Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։

XS
SM
MD
LG