Մատչելի հղումներ

Փորձագետները քննարկում են ուկրաինական հակամարտությանն առնչվող Թրամփի նշանակումները


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգին ընտրել է որպես իր հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգին ընտրել է որպես իր հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգին ընտրել է որպես իր հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Հայտնի է նաև, որ Թրամփը խոստացել է արագ վերջ տալ ուկրաինական պատերազմին։ «Ամերիկայի ձայնը» ներկայացնում է, թե ինչ ուղի է անցել Քելլոգը, նրա տեսլականը՝ ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ, և այն մարտահրավերները, որոնց նա կարող է բախվել իր առաքելության ընթացքում։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 80-ամյա Քիթ Քելլոգին ընտրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով իր հատուկ բանագնաց։

Քելլոգը Թրամփի առաջին նախագահության օրոք աշխատել է որպես ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար:

Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ Ուկրաինայի հարցով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերն ասում է, որ Սպիտակ տան ապագա ղեկավարը լավ ընտրություն է կատարել․ «Նա փորձառու հրամանատար է, երեք աստղանի գեներալ, ինչը կարևոր է: Նա մտերիմ հարաբերություններ ունի նախագահ Թրամփի հետ։ Նրանք կարողանում են ուղիղ շփվել»:

Քուրթ Ուոլքերի խոսքով՝ Քելլոգի գործն է լինելու կյանքի կոչել Թրամփի տեսլականը՝ արագորեն դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:

«Կարևոր է փոխանցել նախագահ Թրամփի ուղերձները»,- նշում է Ուոլքերը:

Որպես The America First Policy Institute հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ՝ Քելլոգը համահեղինակել է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ծրագիր՝ խորհուրդ տալով ԱՄՆ կառավարությանը «բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը»:

Ըստ այդ ծրագրի՝ եթե Կիևը համաձայնի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, ապա ԱՄՆ-ն կշարունակի զինել Ուկրաինային: Որպեսզի համոզի Կրեմլին մասնակցել բանակցություններին, Քելլոգն առաջարկում է հետաձգել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը՝ անվտանգության երաշխիքների դիմաց։

«Ամերիկայի ձայնի» հետ դեռ հուլիսին նա խոսել էր իր ծրագրի մասին:

«Սա չի նշանակում, որ Ուկրաինան հանձնվում է, և չի նշանակում, որ նրանք տարածք են զիջում»,- ասել էր Քիթ Քելլոգը:

Ընդ որում, Քելլոգը քննադատում էր Բայդենի վարչակազմին, որ բավականաչափ ջանք չի գործադրել Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

Օբամայի վարչակազմի օրոք Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով պաշտպանության նախարարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասը համաձայն է. «Նա իրավացիորեն մատնանշեց ներկայիս վարչակազմի և նախորդ վարչակազմերի որոշ թուլություններ։ Այսինքն, բավականաչափ ուժեղ չենք եղել, որպեսզի նյութապես աջակցեինք Ուկրաինային։ Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմը լավ սկիզբ է դրել՝ նշանակելով մեկին, ով ունի փորձառություն այս հարցում, և [այդ հարցը] ներկայացնելով որպես կարևոր առաջնահերթություն»:

2003-2006 թվականներին Ուկրաինայում ԱՄՆ-ը դեսպան Ջոն Հերբսթն ասում է, թե Քելլոգը հասկանում է, որ Պուտինի ագրեսիան Ուկրաինայում սպառնալիք է ամերիկյան շահերին Եվրոպայում և ողջ աշխարհում․ «Նա գիտակցում է, որ Միացյալ Նահանգների համար կարևոր է պատերազմի ավարտել այնպես, որ ապահովվի Ուկրաինայի գոյատևումը, ինչպես Թրամփն է ցանկանում»:

Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական և այժմ Թրամփի սուր քննադատ Ջոն Բոլթոնի կարծիքով՝ Քելլոգը նման աշխատանքի փորձ չունի։

«Ինքը չի զգում հակամարտության էությունը։ Նա շատ առումներով ՆԱՏՕ-ի հակառակորդն է»,- ասում է Բոլթոնը:

Դեյվիդ Կրամերը Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի օրոք պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալն էր։ Նա հուսադրող է համարում նման մարդկանց ներգրավումը Թրամփի ազգային անվտանգության հարցերով թիմում:

«Կարծում եմ, որ, օրինակ, գեներալ Քելլոգի ընտրությունը որպես հատուկ բանագնաց հուսադրող նշան է։ Սենատոր և, հուսով եմ, [ԱՄՆ ապագա] պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես լավ է հասկանում իրավիճակը: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ուժեղ ընտրություն է»,- նշում է Կրամերը:

Ակնկալվում է, որ Քելոգը սերտորեն կաշխատի Ուոլցի հետ, ով X-ում նրա մասին արտահայտվել է որպես մի մարդու, ով «հանձնառու է խաղաղ հանգուցալուծել պատերազմն Ուկրաինայում»:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայնի» ուկրաինական ծառայության լրագրող Տատյանա Վորոժկոյի հեղինակությամբ նյութի հիման վրա

XS
SM
MD
LG