Բեռնատարներն ու ինքնաթիռները շարունակում են լքել Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված ռուսական ռազմաբազան։
Լրատվամիջոցներում ու սիրիական քաղաքների փողոցներում հակասական տեղեկություններ են, թե ուր են մեկնում ռուսները: Ոմանք ասում են, որ հեռանում են Սիրիայից, մյուսները՝ հերքում են:
Մոտակա թաղամասում դեռ կան խանութներ ռուսերեն ցուցանակներով, որտեղից ռուսաստանցի զինվորականները գնումներ են կատարում:
Տեղացիների մի մասի խոսքով՝ մտահոգ են, որ Սիրիայում՝ նոր իրավիճակում ազգային, կրոնական փոքրամասնությունները վտանգի տակ կհայտնվեն առանց Ռուսաստանի ռազմական ներկայության: Մյուս մասն էլ այն մտքին է, որ ռուսների հեռանալը ևս մեկ նշան է, որ պատերազմը Սիրիայում վերջապես ավարտվում է:
Դամասկոսում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ներկայացուցիչները շարունակում են տոնել երկիրը ավելի քան կես դար ղեկավարած ալ-Ադաների բռնապետության տապալումը:
«Այնքան երջանիկ եմ, իսկ երբ նրանք՝ [ռուսները] հեռանան, ավելի ուրախ կլինեմ»,- ասում է «Հայաթ Թահրիր աշ-Շամի» զինվոր Աբու Խալեդը։
Ալ-Ասադ ընտանիքի հայրենի Լաթաքիա նահանգի շրջաններից մեկում ցուցանակի վրա կարդում ենք՝ «Հաֆեզ ալ-Ասադի՝ անմահ առաջնորդի գերեզմանը»:
Հաֆեզը Բաշար ալ-Ասադի հայրն էր, սիրիացիների բնորոշմամբ՝ դաժան բռնապետ։
Նույնիսկ ալ-Ասադներին հարազատ շրջաններում շենքերի, տների պատերին կարելի է հանդիպել սուր գրառումների Սիրիայի տապալված բռնապետի ու նրա ընտանիքի հասցեին։
Նախորդ ավելի քան հիսուն տարիների ընթացքում Սիրիայի բանտերում մարդկանց խոշտանգում ու սպանում էին սոսկ կառավարությանն ուղղված քննադատության համար։
Բազմաթիվ են այն սիրիացիները, որոնք Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո փնտրում են իրենց սիրելիների մարմինները կամ որևէ հետք:
«Այնքան մարդ կար կալանավորված, որ չենք կարող նրանց հաշվել։ Փնտրում ենք մեր ամենամոտ հարազատներին՝ հորեղբայրներին, եղբայրներին։ Չկա տուն, որ անհետ կորած երկու-երեք հոգի չունենա»,- ասում է անհետ կորածի հարազատ Ահմեդ Մաարովին։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ալ-Ասադի կառավարության մերձավոր դաշնակիցն էր, որը 2015 թվականին միացավ Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ պաշտպանելու իշխող ռեժիմը:
Սիրիայի բազմաթիվ շրջաններում մարդիկ հիշում են ռուսական ավիացիայի մահաբեր ռմբակոծությունները:
Այդքանով հանդերձ՝ Լաթաքիայի նահանգում, ուր նախկին իշխանությունների կողմնակիցների թիվը փոքր չէ, կան մտահոգություններ, թե ինչ է սպասվում իրենց, եթե ռուսները, ում նրանք համարում են իրենց դաշնակիցները, լքեն երկիրը: