Մատչելի հղումներ

Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ապագան անորոշ է


Ռուս զինվորականները Սիրիայում
Ռուս զինվորականները Սիրիայում

Տարտուսում գտնվող ռազմածովային բազան և Լաթաքիայի մոտ տեղակայված «Հմեյմիմ» ավիաբազան Կրեմլի ու Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջև ռազմական համագործակցության հիմնական խորհրդանիշներն էին:

Ալ-Ասադի տապալումից հետո Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է ավարտվել, իսկ տարածաշրջանային ազդեցությունը՝ զգալիորեն թուլանալ:

Սիրիայի նախագահի աթոռին Բաշար ալ-Ասադի 24-ամյա պաշտոնավարումը վերջ գտավ այս դեկտեմբերի 8-ին, երբ սիրիական ապստամբ ուժերը մտան մայրաքաղաք Դամասկոս, նրա իշխանությունը փլուզվեց, ալ-Ասադը փախավ Մոսկվա:

Կրեմլի ներգրավվածությունը Սիրիայում դեռ Խորհրդային Միության ժամանակաշրջանից էր, երբ ԽՍՀՄ-ն աջակցում էր ալ-Ասադի հորը՝ Հաֆեզ ալ-Ասադին: 1971 թվականին Տարտուսում ստեղծված խորհրդային ռազմածովային բազան Մոսկվային ելք էր ապահովում Միջերկրական ծով: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի շարունակվող հարաբերությունները Սիրիայի, ինչպես նաև Իրանի հետ թույլ տվեցին Կրեմլին պահպանել ազդեցությունը տարածաշրջանում՝ Արևմուտքի հետ ժամանակ առ ժամանակ սրվող հարաբերությունների ֆոնին:

Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ապագան անորոշ է
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00

2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումը սպառնում էր նաև Ռուսաստանի շահերին՝ անհանգստություն առաջ բերելով Ռուսաստանում: 2015 թվականին Լաթաքիայից ոչ հեռու՝ հարավ-արևելքում Հմեյմիմ գյուղի մոտ բացվեց ռուսական ավիաբազան, և ռուսական ռազմական ինքնաթիռները սկսեցին ավիահարվածներ հասցնել ապստամբներին՝ ալ-Ասադի կառավարությանն աջակցելու համար:

Թեև ռուսական կողմը պնդում էր, որ կռվում է «Իսլամական պետության» դեմ, հարվածների մեծ մասն ուղղված էր այլ ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներին:

Ռուսաստանի և Իրանի աջակցությունը նպաստեց Բաշար ալ-Ասադի ռեժիմի կայունացմանը՝ թույլ տալով նրան վերականգնել վերահսկողությունը երկրի մեծ մասի նկատմամբ: Այնուամենայնիվ, ալ-Ասադի իշխանությունը ամուր չէր, և երբ Իրանը թուլացավ Իսրայելի հետ առճակատման պատճառով, իսկ Ռուսաստանի ուժերը սկսեցին հյուծվել Ուկրաինայում, Սիրիայի կառավարական զորքերն այլևս չունեին նախկին աջակցությունը ու ստիպված նահանջեցին 2024 թվականի վերջին՝ ապստամբների հարձակումների արդյունքում:

Դիտորդները պնդում են՝ հիմնական տարածաշրջանային դաշնակցի անկումը լուրջ հարված է Մոսկվայի միջազգային ազդեցությանն ու հեղինակությանը:

Հետևանքները կարող են զգացնել տալ նաև Մերձավոր Արևելքից դուրս՝ նվազեցնելով Ռուսաստանի լծակները Ուկրաինայի հետ հնարավոր բանակցություններում և կասկածի տակ դնելով նրա հուսալիությունը որպես դաշնակից, ինչը կարող է ազդել, օրինակ, աֆրիկյան երկրների կառավարությունների հետ անվտանգության ոլորտում հարաբերություններ զարգացնելու Կրեմլի ծրագրերի վրա։

Այդուհանդերձ, Ռուսաստանը ներկայում բանակցություններ է վարում սիրիական նոր իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով համաձայնության գալ Սիրիայում իր ռազմական ենթակառուցվածքը պահպանելու հարցում:

Հոդվածը պատրաստվել է Ալեքս Գենդլերի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG