Մատչելի հղումներ

Ի՞նչ ապագա է սպասում Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությանը. դիտորդները մտահոգ են


Սիրիացիները շարունակում են տոնել ալ-Ասադի վարչակարգի տապալումը
Սիրիացիները շարունակում են տոնել ալ-Ասադի վարչակարգի տապալումը

Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո անորոշ է Սիրիայում բնակվող քրիստոնյա փոքրամասնության ապագան: Չնայած իշխանությունը ստանձնած իսլամիստները հավաստիացնում են, որ բոլոր մարդկանց իրավունքները կպաշտպանվեն, դիտորդները թերահավատ են։

Սիրիացիները շարունակում են տոնել ալ-Ասադի վարչակարգի տապալումը, որի ընտանիքի ավելի քան 50 տարվա կառավարումն առանձնացավ երկրում չդադարող բռնաճնշումներով, հարյուր հազարավոր մարդկանց սպանություներով ու խոշտանգումներով:

Իրադրությունը, սակայն, Սիրիայում անորոշ է, հատկապես՝ քրիստոնյա փոքրամասնությունների համար։ Խոսքը, բնականաբար, նաև հայկական համայնքի մասին է:

In Defence of Christianity կազմակերպության գործադիր տնօրեն Ռիչարդ Գազելը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում փաստում է՝ Սիրիայի ժողովուրդն այսօր, իրոք, ազատ է, սակայն ինչպես կտնօրինի այդ ազատությունը, անորոշ է:

«Այսօր գլխավոր մարտահրավերը, իհարկե, կառավարություն ստեղծելն է, որը կհամապատասխանի ՄԱԿ-ի 2254 բանաձևին: Այն կոչ է անում ստեղծել սիրիական նոր կառավարություն, որն ակտիվորեն կներգրավի սիրիացի ժողովուրդին, կլինի միասնական և լիովին թափանցիկ միջազգային հանրության համար»,- ասում է նա:

Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունների ապագան անորոշ է և մտահոգիչ
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00

Գազելն, այդուհանդերձ, մտահոգ է՝ երկրում քրիստոնյա փոքրամասնությունների վիճակի հետ կապված:

Այսօր իշխանությունը Սիրիայում կենտրոնանում է իսլամիստների ձեռքին, մասնավորապես՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման, որն այս օրերին քարոզարշավ է տանում Արևմուտքին մոլորեցնելու, անգամ համուզելու համար՝ նշում է նա:

«Փաստն այն է, որ ոչ մի տարբերություն չկա այս խմբավորման՝ [«Հայաթ Թահրիր ալ-Շամի»], և նրանց նախորդների՝ «Ջաբհաթ ալ-Նուսրայի», «Ալ-Քաիդայի» կամ նույնիսկ «Իսլամական պետության» միջև: Խմբավորումը, ինչպես նաև մյուս մրցակից կազմակերպությունները, կիսում է նույն փիլիսոփայությունը վերոհիշյալ խմբավորումների հետ, բայց դասեր է քաղել «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» սխալներից, օգտագործում է դա իր ուղերձներում և քարոզներում՝ փորձելով մոլորեցնել, անգամ համոզել Արևմուտքին»,- ասում է Գազելը:

Ըստ մեր զրուցակցի՝ այսօր քրիստոնյա փոքրամասնությունը չի ենթարկվում լայնածավալ բռնության Սիրիայում, քանի որ իշխանություն ստանձնած իսլամիստները փորձում են ներկայանալ աշխարհին որպես լեգիտիմ և օրինական ուժ:

«Մտավախություն ունեմ, որ ժամանակի ընթացքում ականատես կլինենք վարքագծի փոփոխությանը: Ինչպես ասացի՝ այժմ նրանք իրենց լավ են դրսևորում, սակայն կարծում եմ, որ երբ ամրապնդեն իրենց իշխանությունը, դա կամաց-կամաց կփոխվի»,- ասում է նա:

Եվ, ըստ Գազելը, արդեն իսկ նկատվում են առաջին նշանները, ներառյալ՝ ալկոհոլի օգտագործման արգելքը, հանրային տրանսպորտում կանանց և տղամարդկանց առանձնացումը, Դամասկոսի արվարձաններում զինյալների մոտ «Իսլամական պետության» դրոշի առկայության մասին վկայությունները:

«Շատ տագնապալի է, երբ հայացք ենք նետում քրիստոնեական թաղամասերին: Նման ազդակները հուշում են, որ թեև այս պահին դեռ բացակայում է լայնածավալ բռնությունը, սակայն մտավախություն ունեմ, որ այն կարող է պատահել ապագայում»,- ասում է նա:

Հիշեցնենք` ԱՄՆ-ը և այլ երկրները «Հայաթ Թահրիր ալ-Շամը» ճանաչել են ահաբեկչական խմբավորում։ Կազմակերպությունը ժամանակին եղել է «Ալ-Քաիդայի» մաս, սակայն հետագայում առանձնացել է ու, ըստ երևույթին, մեղմացրել է իր դիրքորոշումները: Ալ-Ասադի իշխանության տապալումից հետո խմբավորումը հայտարարեց, թե պաշտպանելու է Սիրիայի փոքրամասնություններին, սակայն արդյոք այդ խոքերը պարտադիր կլինեն բոլոր խմբավորումների համար, դժվար է ասել:

Վաշինգտոնում գործող Կրոնական ազատության միջազգային քարտուղարության նախագահ Նադին Մաենզան ասում է, որ նախորդ օրերին Սիրիայից ստացել են շուրջ մեկ տասնյակ ականատեսների վկայություններ՝ Հալեպի սահմաններից դուրս գտնվող Շեբհա շրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ վայրագությունների մասին: Մաենզան ևս մտահոգ է Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների անվտանգության հարցով:

«[«Հայաթ Թահրիր ալ-Շամը»] և Թուրքիայի կողմից աջակցվող զինյալներն ունեն այս փոքրամասնությունների դեմ կրոնական բնույթի վայրագություններ կիրառելու պատմություն: Բռնությունները շարունակվում են քրդերի, եզդիների, քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների դեմ։ Դրան ականատես ենք հատկապես Թուրքիայի կողմից աջակցվող իսլամիստ զինյալների շրջանում»,- ասում է Մաենզան:

Վերջինս խոստացավ մտահոգությունները փոխանցել ԱՄՆ Կոնգրեսին՝ զեկույցի տեսքով:

Այսօր Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունները բնակչության ընդամենը 1% տոկոսն են, այն դեպքում, երբ սիրիական հակամարտության սկզբում քրիստոնյաները կազմում էին մոտ 10%` փաստում է Ռիչարդ Գազելը, ով կանխատեսում է նաև բնակչության նոր արտահոսք Սիրիայից:

«Պատճառը, որ ներկայում Սիրիայում գտնվող քրիստոնյաները չեն գաղթում դեպի Արևմուտք՝ Եվրոպա, ԱՄՆ, Ավստրալիա, այն չէ, որ չեն ցանկանում: Պարզապես հնարավորություն չունեն, և դա ողբերգություն է»,- ասում է նա:

Գազելի խոսքով՝ հասկանում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հարցում չխառնվելու մոտեցումը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն նոր է դուրս գալիս շուրջ երկու տասնամյակներ տևած հակամարտություններից Իրաքում ու Աֆղանստանում:

Միաժամանակ, Գազելը կոչ է անում միջազգային հանրությանը՝ հստակ ուղերձ հղել Սիրիայում իշխանությանը ձգտող ուժերին, որ աշխարհը ուշադրությամբ հետևում է սիրիական զարգացումներին: Անհրաժեշտ է ցույց տալ, որ հետաքրքրված ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղ, բազմակարծիք, կայուն Սիրիայի հարցում՝ շեշտում է Ռիչարդ Գազելը՝ ընդգծելով, որ պետք է բացառել քաղաքական բռնակալությունը կրոնականով փոխարինելը:

Հոդվածում ընդգրկվել են «Ամերիկայի ձայնի» լրագրող Դեյլ Դավլակի նյութից հատվածներ

XS
SM
MD
LG